Խաղաղության համաձայնագրում Հայաստանի համար վտանգավոր կետեր չկան: Այս մասին, այսօր՝ մարտի 17-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
«Այնտեղ բոլոր կետերը երկկողմանի են, եթե ասում եք, որ վտանգավոր կետ կա, դա հավասարաչափ վտանգավոր է Ադրբեջանի համար»,-ասաց նա:
Անդրադառնալով նրան, թե երբ են հրապարակելու խաղաղության համաձայնագրի տեքստը, ԱԺ նախագահն ասաց. «Մենք գործ ունենք մի կողմի հետ, որին, ժողովրդական լեզվով, ասած ամեն տեղ պատճառ է պետք, որևիցե բան հայտարարելու և ինչ-որ ձևով խնդիրներ ստեղծելու: Երբ որ ժամանակը և տրամաբանությունը կհասկանանք հրապարակելու և պահը կգա, բնական է կհրապարակենք: Հարցը այն չէ որ Ադրբեջանը կհրապարակի նոր մենք: Նախ դրանից որևիցե մեկի, այսպես ասած, չիները չի ընկնում:
Մենք որոշեցինք, որ այն խնդիրները, այն մտավախությունները, որոնք կան, մենք կարող ենք տարբեր ձևերով ապահովագրել մեզ և լուծում գտանք, որ այո, լավ, այս պարագայում մենք կարող ենք այսպիսի լուծում գտնենք և համաձայնեցինք։
Հրապարակման հետ կապված քննարկումներ կլինեն, միակողմանի մենք բան չենք ուզում անենք, որպեսզի ևս մեկ անգամ ի ցույց դնենք, որ Հայաստանը չի կրակում Ադրբեջանի վրա, որ Հայաստանը որևիցե տարածքային նկրտումներ չունի, որ Հայաստանը վստահելի գործընկեր է միջազգային գործընկերների նաև համար:
Թե ինքը ի՞նչ է անում, ինքը կարող է յուրաքանչյուր անկանխատեսելի քայլ անի, բայց մենք մեր տրամաբանությունը պիտի տանենք»,- ասաց Ալեն Սիմոնյանը:
Նա նկատեց, որ վերջին տարիների ընթացքում հայկական կողմը կարողացել է այս իրավիճակում օրակարգ ձևավորող և օրակարգի հետ համահունչ կողմ դառնալ, որը շատ դժվար էր մեր պարտությունից հետո, բայց մենք դա հաջողել են:
Անդրադառնալով նրան, որ խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտից հետո ՀՀ վարչապետը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Պուտինի հետ, ԱԺ նախագահը նախ նկատեց, որ նա զրուցել է նաեւ Իրանի ու Ֆրանսիայի նախագահների հետ, ապա ասաց. «Ես ուզում եմ ասել, որ որևիցե ինտրիգ փնտրել այն բանի մեջ, որ առաջինը Ռուսաստան էր, պետք չէ: Ռուսաստանի հետ հարաբերությունները հաշվի առնելով, պետք է ասեմ, որ Հայաստանը ոնց վերջին մի քանի տարիների ընթացքում, այնպես էլ հիմա, գործում է որպես ինքնիշխան պետություն և ինքնուրույն է կայացնում որոշումները, ինքնուրույն է որոշում, թե ում հետ երբ ինչ ձևով խոսել: Իսկ ինչ է խոսացել, հաղորդագրության մեջ գրված է»:











