Մինչև չստորագրվի խաղաղության համաձայնագիրը, մինչև ձեռներս չլինի այդ թուղթը, միշտ էլ վտանգված եմ համարելու: Այս մասին, այսօր՝ մարտի 17-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
«Նույնիսկ եթե այնտեղից ասեն՝ ինչ լավ է, մենք շատ ուրախ ենք, եկեք հենց հիմա ստորագրենք, բայց օրը ժամը հստակ չլինի, ստորագրած չլինի, ես միշտ վտանգված եմ համարում»,-ասաց նա:
ԱԺ նախագահը բացառեց, որ տեքստը կարող է վերանայվել. «Տեքստը փակ է, խոսակցությունը ավարտված է, տեքստը փակված է:
Ես կարող եմ հենվել միայն այն բաների վրա, որոնք դրված են սեղանին, թե ով ինչ հայտարարություն կանի... Հիմա վարչապետը հինգ խորհրդական ունի, կարող է շաբաթը մեկ, մեկը տարբեր հայտարարություն անի: Կա փաստաթուղթ, կա տեքստ կոնկրետ, որը քննարկվել է և փակվել է, կա հայտարարություն այն կողմից, նախագահի մակարդակով, կա հայտարարություն այս կողմից վարչապետի մակարդակով: Մենք հայտարարել ենք, որ սպասում ենք տեղի ժամի և ֆորմատի հետ քննարկումներին: Հընթացս գործերը ոնց կգնան, արդեն տեղյակ կլինենք»,-ասաց Ալեն Սիմոնյանը:
Հարցին՝ հայկական կողմն ի՞նչ դիրքորոշում ունի Ալիեւի հայտարարության վերաբերյալ, ըստ որի, ոչ միայն պետք է Զանգեզուրի միջանցքը տրամադրվի, այլև ապառազմականացված գոտի պետք է ստեղծվի եւ պետք է ապամոնտաժվեն սահմանային ռազմական ենթակառուցվածքները, Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Հայաստանը հստակ իր դիրքորոշումը վաղուց արտահայտել է, մենք ասել ենք, որ բոլոր ճանապարհները պատրաստ ենք հենց վաղը բացել և կոմունիկացիաները բոլոր պետք է բացվեն տարածաշրջանում, և դա երկկողմանի տրամաբանության մեջ պետք է լինի:
Ապառազմականացված գոտի նաև կարող ենք համարել այն գոտին, որը, օրինակ, ունենք այսօր Կիրանցի տարածքում, որտեղ կանգնած են սահմանապահները։ Ամբողջ երկայնքով Հայաստանի և Ադրբեջանի սահմանում պետք է կանգնած լինեն սահմանապահները:
Իրենք շատ բան են ցանկանում, թող ցանկանան, մենք էլ ենք շատ բան ցանկանում, դրա համար քննարկում ենք»:











