«Ես կուզենայի էլեկտրական մեքենաների համար այլ սկզբունք դնեինք՝ հաշվի առնելով, որ մեր քաղաքի բնապահպանական վիճակը լավ չի, ես կցանկանայի, որ էլեկտրական մեքենաներն ավելի շատ ծառայություն մատուցեին, քան ֆիզիկական անձանց պատկանեին, որ ավելի շատ քշվեր այդ մեքենան, որ մեր էկոլոգիան չփչանար»։ Այս մասին այսօր՝ մարտի 17-ին, ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը՝ դիմելով  էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին։

«Ուզում եմ ասել, որ մենակ բերել-տանելով չի, բա՞ դրա տրամաբանական շարունակությունը, որ պետք է մեզ օգուտ տա։ Խնդրում եմ այդ հարցը ձեր մոտ նշեք, որ մյուս անգամ մեր լուծումն այն լինի, որ մենք օգնենք աջակցենք ծառայություններ մատուցող կազմակերպություններին էլեկտրական մեքենաներ ձեռք բերել ։ Հիմա մարդը բերում է, սեփականատեր է, կարող է շաբաթվա մեջ 3 օր էլ չի վարում այդ մեքենան»,- հավելեց Սուքիասյանը։

Գևորգ Պապոյանը նշեց, որ այնպես է ստացել, որ անհատների կողմից բերված էլեկտրական մեքենաների մի զգալի մասը բերվել է հենց տաքսի ծառայությունների մատուցման նպատակով։

Խաչատուր Սուքիասյանն առաջարկեց վիճակագրություն կազմել, որպեսզի հասկանալի լինի, թե ինչու՞ է կառավարությունն արտոնություններ տալիս էլեկտրական մեքենա ձեռք բերող անհատներին։

«Դուք տալիս եք արտոնություն, բյուջե չի գալիս այդ գումարը, որ հետո ի՞նչ լինի դա։ Նշանակում է, եթե դուք դրանից գումար չեք վերցնում, դուք արտոնություն եք տալիս, դա պետք է գար բյուջե, ասել եք չենք ուզում։ Բա որ չեք ուզում, ի՞նչ է դառնալու դա։ Մեկը տանի իր ավտոտնակում կանգնեցնի, ոչ մի բան չանի, տվեք թող բոլորը ծառայություն մատուցեն՝ տաքսու տակ կլինեն, օդանավակայանից տուրիստ կտեղափոխեն, մաքսիմում 24 ժամ թող աշխատեն»,- ասաց նա։