Նախնական ունենալու ենք 8500 դոլարի չափով ՀՆԱ մեկ շնչի հաշվով, որը բավականին բարձր ցուցանիշ է և վերջին 7-8 տարվա կտրվածքով կրկնապատկվել է: Այս մասին այսօր՝ մարտի 17-ին, ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում հայտարարեց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2024 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը ներկայացնելիս։

Նա պատասխանեց ՔՊ-ական պատգամավոր Խաչտուր Սուքիասյանի հորդորին, թե Ընդդիմադիր պատգամավոր Ագնեսա Խամոյանի հարցին պատասխանելիս նախարարն ինչո՞ւ չի նշում, որ Հայաստանը ՀՆԱ-ի մեկ շնչի հաշվով բալթյան երկրներին չհաշված ԱՊՀ-ում երրորդն է՝ զիջելով միայն ՌԴ-ին ու Ղազախստանին։

Պապոյանից լսելով իրեն նախընտրելի թվերը՝ Սուքիասյանը հարցրեց, թե կառավարությունն ինչ է անում, որպեսզի օգտագործի սփյուռքի պոտենցիալը, որպեսզի հայկական ապրանքները վաճառվեն։

«Սփյուռք ունենք, մի քանի միլիոն մարդ է դրսում ապրում, ո՞նց անենք, որ համակարգի բերենք, որ էդ սփյուռքը առավոտ արթնանա, գնա հայկական ապրանք ձեռք բերի։  Ուրեմն, ով որ հայկական ապրանք ձեռք չի բերելու՝ էն, որ բառեր են օգտագործում, իր վերաբերյալ այդ բառը պետք է օգտագործել»,-հայտարարեց Սուքիասյանը։

Նա հարցրեց, թե ինչ համակարգ ենք ստեղծում, որ հայկական ապրանքը գնա սփյուռք և այնտեղ վաճառվի, ինչին Գևորգ Պապոյանն արձագանքեց, որ արտահանման ժամանակ միայն սփյուռքի վրա չպետք է կենտրոնանալ։

«Լոս Անջելեսում մի քանի հարյուր խանութ կար և երկար ժամանակ դրանից դուրս չէինք կարողանում գալ, պետք է կենտրոնանալ առհասարակ ամերիկյան շուկայի վրա և գտնել մատակարարներ, որոնց աշխատանքի արդյունքում հնարավոր կլինի այդ շուկան ներթափանցել»,-նշեց Պապոյանը։