Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունը կենտրոնացված աշխատանքներ է կատարում Էջմիածնի, Արմավիրի, Բաղրամյանի տարածաշրջաններում: Մասնավորապես, Էջմիածնի շրջանում ընկերությունը վերակառուցել է թվով 6 օդային գիծ (փոխարինվել է 4000 մետր մալուխային ու 14000 մետր օդային գիծ), որոնք սնում են 19 գյուղ: Աշտարակի, Բաղրամյանի ու Արմավիրի շրջաններում վերակառուցվել է 5 օդային գիծ, որոնցից սնվում է 11 գյուղ: Առաջիկայում նախատեսված է վերակառուցել 14 օդային գիծ Ապարանի, Թալինի, Կոշի և այլն շրջաններում, փոխարինել ավելի քան 26.000 մ օդային գիծ, որից սնվում է մոտ 50 գյուղ ու բնակավայր:Այս աշխատանքներն իրականացվում են բաշխիչ ցանցի վերազինմանն ու վերակառուցմանն ուղղված ՀԷՑ ներդրումային ծրագրերի շրջանակում։

Արմավիրի մարզի Ջրառատ գյուղի բնակիչ Ամո Խուդոյանը NEWS.am–ի հետ զրույցում նշեց, որ նախկինում քամու կամ անձրևի ժամանակ հաճախ էին հոսանքի տատանումներ և անջատումներ լինում, քանի որ մաշված ենթակառուցվածքները չէին դիմանում եղանակային անբարենպաստ պայմաններին։ «Կաբելները հին էին ու բաց, քամու ժամանակ կպնում էին իրար ու անջատվում։ Բայց հիմա, եթե նայեք, կտեսնեք, որ ամբողջը փոխվել է։ Անցած տարվա վերջին աշխատանքն այստեղ ավարտվեց։ Դրանից հետո այևս անջատում չի եղել»,– նշեց Ամո Խուդոյանը։

Ջրառատում 0.4 ցածր լարման օդային գծից բացի վերակառուցվել է նաև 10 կիլովոլտ հզորությամբ գիծը։ Փայտե փտած հենասյուների փոխարեն տեղադրվել են երկաթբետոնե ամուր սյուներ, խճճված, բաց էլեկտրալարերը փոխարինվել են մեկուսացված, անվտանգ լարերով։ ՀԷՑ Էջմիածին ցանցի տեխնիկան շահագործման գծով ավագ ճարտարագետ Անդրանիկ Քթոյանի խոսքով՝ նոր գծերը կծառայեն շատ երկար, բնակիչները կստանան անվտանգ էլեկտրաէներգիա։
Հանրապետության շատ տարաքներում է ՀԷՑ–ը նոր գծեր անցկացնում։Բնակիչները տարիների ընթացքում զավթել են հողակտորներ, տներ կառուցել ու այգիներ տնկել այն հատվածներում, որտեղ էլեկտրալարեր և հենասյուներ են եղել։ Ստեղծվել է մի իրավիճակ, որ շատ վայրերում վթարը վերացնելու համար անհնար էր լինում անգամ մոտենալ տարածքին։ «Չէինք կարողանում վթարված տարածքին տեխնիկա մոտեցնել, հենասյուները փոխել։ Երբեմն բնակիչները պարզապես թույլ չեն տալիս, որ մտնենք տարածք։ Դրա հետևանքով վթարավերականգնողական աշխատանքներն անհամեմատ ավելի երկար էին տևում։ Հիմա, երբ նոր գծերը կառուցվում են ճանապարհի եզրով, վթարների դեպքում աշխատանքը շատ կարճ կտևի»,– նշեց Անդրանիկ Քթոյանը։

Նոր գծեր կառուցելով ՀԷՑ–ը մի քանի խնդիր է լուծում։ Ոչ միայն հոսանքի անջատումների տևողությունն է կրճատվում, բնակչությանը կայուն էլեկտրաէներգիա մատակարարվում, այլև մարդկանց կյանքն է ավելի անվտանգ դառնում։ «Վթարային իրավիճակներում նախկինում մարդկանց կյանքին վտանգ էր սպառնում։ Գիծն ընկնելով գետնին8 մետր շառավղով ստեղծում էր քայլային լարման դաշտ, մարդիկ կարող էին լարման տակ հայտնվել։ Հիմա, երբ օգտագործվում են SIP տիպի մեկուսացված լարեր այլևս այդ վտանգը չկա»,– ասաց Անդրանիկ Քթոյանը։

Այրված, դարն ապրած հենասյուները նորերով են փոխարինվել նաև Արմավիրի մարզի Խոյ տարածաշրջանում, որ սնում է Գեղակերտ, Հովտամեջ և Ծաղկալանջ գյուղերը։ Ընթացքում մասնակի նորոգման աշխատանքներ շատ են եղել, սակայն հիմա կառուցվել է մեկուկես կիլոմետր երկարությամբ նոր գիծ։

Ամբողջությամբ փոխվում է «Վանանդ 110»10 կիլովոլտ օդային գիծը, որն էլեկտրականությամբ է ապահովում Արտամետ, Տալվորիկ, Արևադաշտ գյուղերին։ Կառուցվելու է մոտ 2,5 կմ երկարությամբ նոր գիծ՝ նախկին 9 կմ–ի փոխարեն։ Այստեղ նույնպես լուծվելու է զավթած հողակտորներում հայտնված էլեկրալարերի ու հենսայուների հարցը։ Անանացանելի տարածքները դուրս կմնան սպասարկման տարածքից։Ճանապարհի եզրով անցկացվող էլեկտրագծերը նախկինների համեմատ ավելի կարճ են, քանի որ շրջանցում են մարդկանց տները։
ՀԷՑ Մուսալեռ մասնաճյուղի Բաղրամյան էլցանցի գլխավոր ճարտարագետ Հովհաննես Գասպարյանը հայտնեց, որ նախկին 150 սյունի փոխարեն տեղադրվելու է 40-45 երկաթբետոնե սյուն։

Երկար տարիներ ինտենսիվ շահագործման պատճառով անմխիթար վիճակում էր Մեծամորի Ակադեմիա 10 կիլովոլտ օդային գիծը, որից օգտվում են Երասխահուն գյուղն ու Վարդանաշենի մի հատվածը, Հողագիտության և ջրային պրոբլեմների ինստիտուտի գիտական ավանը, ինչպես նաև մի քանի գյուղեր սպասարկող մոտ 30 պոմպակայան։

Մուսալեռ մասնաճյուղի Արմավիր շրջանային էլեկտրացանցի գլխավոր ճարտարագետ Վազգեն Թադևորսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ այս հատվածում բավական մեծ աշխատանք է կատարվել։ Առաջին փուլով մաշված ու թուլացած հենսայուներն են փոխվել։ «Հիմա կսկսենք վերանորոգել այն հատվածները, որոնք մաշվածության այն աստիճանի են, որ ուժեղ քամիների, անձրևների ժամանակ վթարներ են առաջացնում»,– նշեց Վազգեն Թադևոսյանը։
Հիշեցնենք, որ 2016-ից 2024 թթ. «Հայաստանի էլեկտրական ցանցեր»–ն արդիականացրել և շարունակում է վերազինել էլեկտրաէներգետիկ ենթակառուցվածքները՝ ներդնելով ավելի քան 270 մլրդ դրամ: 2024թ.-ի ընթացքում ներդրումները կազմել են ավելի քան 40 մլրդ դրամ, 2025թ.-ին կկազմեն ավելի քան 47 մլրդ դրամ: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հաստատել է նաև ՀԷՑ-ի՝ առաջիկա տասը տարիների ներդրումային ծրագիրը, որի արժեքը 305,424 մլն դրամ է: Այդ գումարն ուղղվելու է ցանցերի վերազինմանն ու արդիականացմանը, նոր սպառողների միացմանը, առևտրային հաշվառման համակարգի և սմարթ հաշվիչների ներդրմանը:











