Շատ լավ են արել, որովհետև բոլոր թիկնազորներին պետք է ստուգեն, որովհետև ես չգիտեմ ցանկացած մարդու թիկնազորը ինչով է զբաղվում։ Այս մասին, այսօր՝ մարտի 17-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգմավոր Խաչատուր Սուքիասյանը՝ անդրադառնալով նրան, որ օրեր առաջ իրավապահները կանգնեցրել են իր թիկնազորի մեքենան, ապօրինի զենքի կասկածանքով բերման ենթարկել նրանց, ապա ժամեր անց ազատ արձակել:
«Ընդհանրապես այդպիսի մի հատ քննարկում եղել է, որ թիկնազորները սոցիալական անհավասարության տպավորություն են թողնում: Մենք ուզում ենք Հայաստանի Հանրապետությունը լինի բոլորի համար հավասար: Հնարավոր է, որ ես նույնպես որպես պատգամավոր, որպես պետական մտածելակերպ ունեցող մարդ, մտածեմ, որ այդ թիկնազորներով քաղաքում պտտվելը և քաղաքից դուրս, դա այդքան ընկալելի չի և տուրիստական հատվածի համար, և քաղաքացիների համար: Այդտեղ պետք է այլ մեխանիզմներ մտածեն, նոր օրենք պետք է գրվի, դրանք պետք է ավելի կանոնակարգված բնույթ կրեն»,-ասաց պատգամավորը:
Դիտարկմանը, որ զենք են փնտրել, Սուքիասյանն ասաց. «Ես չգիտեմ ինչ էին փնտրում, զենքը պետք է օպերատիվ տվյալներով իմանան, նոր փնտրեն: Եթե փնտրելու բան չկա, չեն փնտրում: Թող հասկանան, որ զենք փնտրելով չի, այլ զենքը պետք է իմանան՝ կա, հատուկ գործիքներ կան, որով կարող են իմանալ։ Բայց, դա իրենց կարծիքն է, ոստիկանություն է, իրավունք ունի ցանկացած բան ասի:
Հնարավոր է, որ թիկնազորի կարիքը լինի, տարբեր օպերատիվ տվյալներից ելնելով, բայց դա պետք է կամաց-կամաց որոշակի փոփոխության ենթարկվեր: Հիմա ես հնարավոր ունեմ, կարող եմ վեց մեքենայով ման գամ, բայց դա էլ պետք է քեզ թույլ չտաս, պետք է միջավայրն էլ դու մի քիչ այլ ձևով գնահատես: Իհարկե, պետք է իմ անվտանգության տղաներն ինձ ուղեկցեն, բայց այդ կարգի ճնշման բաներ պետք է չլինի, ես էլ եմ համաձայն, և այդտեղ սոցիալական խնդիր տեսնում եմ»:
Խաչատուր Սուքիասյանը հերքեց, որ գետնին են տապալել թիկնազորի անդամներին. «Հրավիրել են, պարզաբանումներ են արել, որը ես ողջունում եմ: Նախապես զգուշացվել էր, ուղղակի ես Հայաստանում չէի»:











