Լրագրող Անի Ավետյանը ֆեյսբուքյան գրառմամբ ահազանգել է, որ կառավարության հրավերով Հայաստան ժամանած լրագրողները «խայտառակ վիդեոներ» են հրապարակում:
«Չեք էլ կարող պատկերացնել, թե ինչ խայտառակ վիդեոներ են հրապարակում թուրքական հեռուստաալիքները Հայաստանում նկարահանումներից:
Սա կազմակերպելու առաջարկն անողին, սրան համաձայնողին... դուք անգամ չեք կարողացել ընտրել, թե որ լրագրողները գան, որ այս խայտառակությունը չլիներ: Նույն թուրքական ալիքի մի լրագրողը Հայոց Ցեղասպանությունը ճանաչում է, մյուսը ժխտում, դուք բերում եք ժխողին... (այլ բան ձեզնից չէինք էլ սպասում):
Հավասարակշռված լրագրողներ կան թուրքական առաջատար ալիքներում, որ մերժել են ձեր հրավերը: Եթե փորձեիք հասկանալ ինչու՝ Հայաստան կգային իրենց մեդիայի հաշվին ու գոնե հավասարակշռված նյութեր կհրապարակեին: Չեմ ասում Հայաստանի օգտին, բայց վիդեոն հաստատ չէին սկսի Ալիևի հայտնի «նա օլդու Փաշինյան» ֆրազով: Դե տարեք այդ վիդեոները ցույց տվեք ձեր Փաշինյանին, թող տեսնի: Իրեն ծաղրելը գուցե վրան ազդի, հասկանա այս ֆեյլի մասշտաբը...(հազիվ թե):
Ու այս հակահայ պրոպագանդան ՀՀ պետբյուջեի հաշվին, ՀՀ քաղաքացիների հաշվին է եղել: Վաղը «Իրական Թուրքիա» նախագծով կներկայացնենք»:
ՀՀ վարչապետի աշխատակազմի հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի տնօրեն Գոռ Ծառուկյանն էլ հակադարձում է, թե լրագրող Անի Ավետյանը կեղծիք պարունակող հրապարակում է արել թուրքական լրատվամիջոցների մասնակցությամբ մեդիատուրի վերաբերյալ․
«Եվ քանի որ իմ կողմից հարգված մի շարք անձինք ևս «հավատացել» են այդ կեղծիքներին, իսկ իր մոտ մեկնաբանելու հնարավորություն չունեմ, կարիք տեսա արձագանքել այսպես։
Նախ Անի Ավետյանը ստում է, թե իբրև «հավասարակշռված լրագրողներ կան թուրքական առաջատար ալիքներում, որ մերժել են ձեր հրավերը»։ Որևէ լրատվամիջոց և որևէ լրագրող չի մերժել ուղարկված հրավերը։ Ընդհակառակը, եղել է, որ մենք ենք մերժել ամենահեղինակավոր գործակալություններից մեկի խմբագրության առաջարկած թեկնածուին և պահանջել ենք այլ լրագրող, և մեր պահանջը բավարարվել է։ Դեռ ավելին, մեդիատուրից հետո մեզ արդեն ուղիղ դիմել են 4 այլ թուրքական լրատվամիջոցներ՝ Հայաստան այցելելու խնդրանքով։
Թուրքական առաջատար հեռուստաընկերությունների եթերում և լրատվամիջոցներում մոտ 20 ռեպորտաժ և 50-ից ավելի տեքստային հրապարակում է եղել, որոնք առնվազն չեզոք, իսկ հաճախ՝ դրական են եղել Հայաստանի համար։ Մեր հրավիրած լրագրողներից ոմանք մեդիատուրից հետո իրենց նյութերում և ելույթներում նույնիսկ սլաքներ են ուղղել Ադրբեջանի դեմ, նշելով, որ վերջինս է մեղավոր Հայաստան-Թուրքիա կարգավորման հետաձգման մեջ։ Իսկ եթե որևէ մեկն ակնկալում է, որ այսպիսի մեկ միջոցառումով հնարավոր է թուրքականներից ֆրանսիական սիրալիրություն և ջերմություն ստանալ՝ առանց հակազդման, պարզապես պրոֆեսիոնալ չէ։
Ինչ վերաբերում է CNNTurk-ի մի ռեպորտաժին, որը մեջբերում է լրագրողը որպես ոչ հայանպաստ, ապա դրա նախապատմությունը հետևյալն է։ Տվյալ լրատվամիջոցի լրագրողի կողմից մեդիատուրից հետո պատրաստված առաջին ռեպորտաժը եղել է ամբողջությամբ Հայաստանի տեսակետը ներկայացնող (https://www.youtube.com/watch?v=s49sqiPoZiM ): Սրա հրապարակումից հետո մեզ տեղեկություն է հասել, որ խմբագրության վրա ադրբեջանական կողմից մեծ ճնշում է գործադրվել և խմբագրությունը որոշել է ևս մեկ ռեպորտաժ պատրաստել առավել պրոադրբեջանական բովանդակությամբ՝ նախորդ ռեպորտաժին «հավասարակշռելու» համար։ Նրանք, ովքեր երբևէ փորձ են ունեցել աշխատել թուրքական մեդիայի հետ, գիտեն այս ռիսկերի մասին։ Վերջնարդյունքում մեզ հաջողվել է այդ կարևոր ռեսուրսում մեր շահերը ներկայացնող ռեպորտաժ ունենալ, իսկ հակառակը միշտ էլ եղել է։
Թարմացում. CNN Turk-ը քիչ առաջ յութուբյան իր ալիքից հեռացրեց տվյալ անբարենպաստ նյութը։
Եթե տվյալ լրագրողը, ինչպես ինքն է ասում, ցանկանում է մեդիատուրի իրական պատկերն ու արդյունքները ցույց տալ, ապա իրեն խորհուրդ կտամ դիտել, լսել և կարդալ մեդիատուրի արդյունքում պատրաստված հետևյալ 50-ից ավել հրապարակումները ևս, եթե իհարկե իր նպատակը այս կարևոր և արդյունավետ աշխատանքի վրա ցեխ նետելը չէ։
Իսկ ընդհանրապես մասնագիտական էթիկան պահպանելը շատ կարևոր հատկություն է, որի բացակայության հետևանքները լայքերի և տարածումների թվով չես կարող փոխհատուցել»։
Լրագրող Անի Ավետյանը մեկնաբանելով Գոռ Ծառուկյանի պատասխան գրառումը նշել է. «Նշելով, որ կեղծիք եմ տարածում, հետո ինքներդ էլ ընդունելով, որ կա այդպիսի անդրադարձ, բայց ադրբեջանցիների ճնշման հետևանքով է եղել, փաստորեն, ընդունում եք, որ կեղծիք չեմ տարածում:
«Չեզոք և դրական» նյութերից հետո ադրբեջանցիների ճնշման մասով - 26 րոպե հակահայ քարոզչության սթենդափները, այսինքն՝ լրագրողի ուղիղ խոսքը տեսախցիկի առաջ, նկարահանված էին Հանրապետության հրապարակում, Ծիծռնակաբերդում, Մարգարայում հենց այցի օրերին, մինչև «չեզոք և դրական» նյութերը: Ավելին, Ծիծեռնակաբերդի բարձունքում թուրք լրագրողը դժգոհում է, որ Հայոց ցեղասպանության հուշահամալիրից երևում է Արարատը: Հետևաբար, ոչինչ պատահական չի եղել, ավելին՝ եղել է նախապես ծրագրված։
Չեմ գրել մերժող լրատվամիջոց, նշել եմ հրավերը մերժող լրագրողներ։ Գիտեմ մերժողներին, հակառակ դեպքում ինչպես եմ իմացել այցի մասին մինչև դրա պաշտոնական հաստատումը։
Ցեխ շպրտելու նպատակ չունեմ, դրա կարիքն էլ չկա: Բայց պնդում եմ իմ տեսակետը. Թուրք լրագրողներին Հայաստան բերելու նախաձեռնությունը տապալված է: Դա ամենևին չի նշանակում, որ միամտորեն կարծում եմ, թե մեկ միջոցառումով հնարավոր է «թուրքականներից ֆրանսիական սիրալիրություն և ջերմություն ստանալ»։ Դա անհնար է։ Բայց հնարավոր է թուրքիական մեդիայում ստանալ հայ-ադրբեջանական կամ հայ-թուրքական հարաբերությունների մասին գոնե որոշակի հավասարակշռվածություն։ Այո, դա հնարավոր է, բայց այլ մեդիաձևաչափերով։
Կարևորը ոչ թե թուրքական մեդիայում Հայաստանի մասին քանակով շատ անդրադարձեր ունենալն է, ու թուրքերենին չտիրապետող քաղաքացիներին ասելը, թե դրանք «չեզոք ու դրական էին», այլ այն, թե ինչպես է ներկայացվում մեր երկիրը թուրքական առաջատար հեռուստաալիքներում։ Հաշվի առնելով Թուրքիայի մամուլի ազատության ինդեքսը, պարզից էլ պարզ է. Հայաստանի ու հայերի դեմ ամբողջ քարոզչությունը արտացոլում է թուրքական պետության իրական վերաբերմունքն ու մտադրությունները։ Հենց սրա մասին պետք է խոսել՝ պատրանքներից զերծ մնալու համար։ Հենց սա պիտի իմանան Հայաստանի ներսում, որ հանրությանը պատրաստեն այդ մտադրություններից պաշտպանվելուն։
Ի տարբերություն մեզ, ոչ թուրքական մամուլը, ոչ պետությունը, ոչ քարոզչությունը ցանկալին իրականության տեղ չի դնում, չի ստում՝ ոչ իրեն, ոչ իր հասարակությանը։ Եվ ագրեսիվ, բաց ու առանց տողատակի խոսում է Հայաստանի ու հայերի մասին։ Մտադրություն, ծրագիր և քաղաքական խոսույթ, որ չի փոխվել արդեն 100 տարի։ Ու Թուրքիան երբեք ցույց չի տվել, որ մտադիր է դրանք փոխել։ Առավել ևս չի փոխի, որքան էլ տուրք տաք թուրքական ժխտողականության թեզին՝ վերանայեք Ցեղասպանության պատմությունը կամ շատ ցանկանաք ու պատրաստ լինեք սահմանը բացելուն։
Բայց դա արդեն Ձեր քաղաքական թիմի գործն է։ Ու Ձեր պատասխանատվությունը։
Հ.Գ. Հակահայ քարոզչությամբ տեսանյութը չի ջնջվել։ Ուղղակի օգտագործել են ապօրինի երաժշտություն, որի պատճառով Youtubе-ն այն արգելափակել է։ Այլ հարթակներում տեսանյութը կա»։





























