«Ադրբեջանը ձգձգելու է Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների դատավարությունը, փորձելու է հիմնավորել, որ նրանք հանցագործ են, ինչ–որ ժամկետ է տալու, չգիտեմ հետո ինչ կանի»։ Այս մասին այսօր՝ մարտի 17-ին, NEWS.am–ի հետ զրույցում ասաց ՀՀ նախկին վարչապետ, «Միասին» շարժման համահիմնադիր Հրանտ Բագրատյանը։
«Բայց դատավարությունը չի ստացվում, մենք ունենք փաստեր՝ Ռուբեն Վարդանյանի ելույթը, շատ համարձակ էր նաև գեներալ Լևոն Մնացականյանի ելույթը, այսինքն նրանց չեն կոտրել։ Իհարկե, Ադրբեջանը ինչ–որ մի վատ բան պիտի անի, ապրենք, տեսնենք՝ ինչ պիտի անի»,–հավելեց նա։
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին այն մասին, որ պետք է դեռ հասկանալ՝ ինչու՞ և ու՞մ հորդորով էր Ռուբեն Վարդանյանը Արցախ գնացել, Հրանտ Բագրատյանը պատասխանեց.
«Ռուբեն Վարդանյանը Արցախ գնալուց առաջ մտել է նրա կաբինետ, սուրճ են խմել, պաչ–պռոշտի են արել, ինքն էլ հաջողություն է մաղթել։ Ռուբեն Վարդանյանն Արայիկ Հարությունյանի հետ մտել է Նիկոլ Փաշինյանի կաբինետ։ Եթե սխալ եմ, թող ասեն այդ ինֆորմացիան իրականությանը չի համապատասխանում։ Այդ մասին ասել է Ռուբեն Վարդանյանը։ Հիմա ինքը եկել, ասում է՝ պիտի հասկանանք ինչու էր Ռուբեն Վարդանյանը գնացել Արցախ։ Սա ցույց է տալիս Փաշինյանի վտանգավորության աստիճանը։ Սա նաև բոլոր գործընկերներին ցույց է տալիս, որ Փաշինյանի վրա հույս դնել չի կարելի, նա հոգեկան խնդիրներ ունի, մոռանում է ՝ ինչ է ասել»։











