«Ինչ են մտածել, որ այս որոշումն են կայացրել, ես չգիտեմ, բոլորս կմնանք դրսում»։ Արցախից բռնի տեղահանված Հեղինե Համբարձումյանի ընտանիքն անելանելի դրության մեջ է հայտնվել. Կառավարության որոշմամբ ապրիլի 1-ից շատ արցախցիներ այլևս չեն ստանա 50 հազար դրամ աջակցությունը։ Աջակցության ծրագրից կշարունակեն օգտվել միայն անչափահասները, կենսաթոշակառուները, առաջին և երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցողները, կերակրողին կորցրածները: Հունիսից նրանց աջակցության գումարի չափն էլ կնվազի ու կդառնա 30 հազար դրամ:
«Մի պահ մտածում եմ, որ եթե աջակցություն չստացանք ու չկարողացանք տան վարձը վճարել ու ապրել, պետք է մի ձև գտնենք, արտագաղթենք։ Բայց ո՞նց, դուրս գալու միջոց էլ պիտի ունենանք, որ դուրս գանք: Կարծում եմ մեզ նման շատ արցախցիներ են հիմա այս նույն վիճակում»,–ասում է Հեղինե Համբարձումյանը։
Հեղինեն ու նրա ամուսինը, որը 2023 թվականի ռազմական գործողությունների ժամանակ վիրավորում է ստացել ու 3-րդ կարգի հաշմանդամություն ձեռք բերել, կզրկվեն աջակցությունից: Ամիսներ անցել էլ ավագ որդին չափահաս կդառնա ու նա էլ կզրկվի աջակցությունից:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են, 50 հազար դրամի աջակցություն ծրագից շուրջ 100 հազար արցախցի էր օգտվում, ապրիլից ծրագրից կշարունակի օգտվել 53 հազար քաղաքացի։
Բնակարհանային ապահովման ծրագրից օգտվելը Հեղինեն անիմաստ է համարում, ասում է, իրեն չի արդարացրել, բոլոր արցախցիներն են դժգոհ ու ընդամենը մի քանի ընտանիք է դիմել ծրագրի շահառու դառնալու համար:
«Բնակարանների սերտիֆիկատների համար հատկացված գումարն ու բնակարանների գները շատ տարբեր են, սերիտիֆիկատից օգտվելու դեպքում պետք է վարկ էլ վերցրենք, չգիտենք էլ՝ կտան, թե չէ: Եթե տան էլ, ինչպես ենք վճարելու այդ վարկը»,–ասում է նա։











