Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանության առջեւ այսօր` դեկտեմբերի 24-ին, ժամը 14:00-ին, տեղի ունեցած բողոքի ցույցի շրջանակներում մասնակիցները ներկայացում են բեմականացրել: Ցույցի կազմակերպիչները սկզբնապես դեսպանատան հարակից այգու մոտ գտնվող աղբարկղին փակցրել էին Հայաստանի եւ Ռուսաստանի զինանշանների նկարները, ինչպես նաեւ գրել էին «ընտրարկղ»: Սակայն, ոստիկանները խնդրեցին հանել գերբերը եւ նրանք համաձայնեցին: Բեմականացման շրջանակներում ակցիայի փոքրաթիվ մասնակիցները քվեաթերթիկ էին վերցնում, հարակից հեռախոսախցիկում քվեարկում եւ նետում «ընտրարկղ» կոչվող աղբամանը: Ակցիայի մասնակիցները բերել էին նաեւ պաստառներ` «Ո՞ւր է իմ ձայնը» եւ այլ մակագրություններով:
Ըստ բողոքի ակցիայի նախաձեռնողների, ցույցը ընդդեմ ընտրակեղծիքների եւ «գողերի եւ ավազակների» կուսակցությունների է: Նրանց նպատակն էր ցույց տալ, թե ինչպես են սովորաբար ընթանում «ընտրությունները» ոչ ժողովրդավարական երկրներում: Ի դեպ, նույն օրը ու նույն ժամին աշխարհի տարբեր քաղաքներում եւ Ռուսաստանի բոլոր մեծ քաղաքներում տեղի են ունենալու բողոքի ցույցեր:











