Դուք շատ գեղեցիկ ներկայացրեցիք կատարված գործերը, ես ուզում եմ հասկանալ, կա՞ մեկ կամ մի քանի ծրագիր, որ չի կատարվել կամ թերի է կատարվել: Խոսեք դրանց մասին, եթե կան այդպիսի ծրագրեր: Այս մասին, այսօր՝ մարտի 18-ին, Երեւանի ավագանու նիստում հայտարարեց «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Հայկ Գրիգորյանը՝ դիմելով Երեւանի կառուցապատման ներդրումային ԾԻԳ ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնապատար Անետա Բաբայանին:
Ի պատասխան քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասաց. «Մեր խոշոր հիմնական ծրագրերով թերակատարումներ որպես այդպիսին չունենք: Այսինքն մեր նախընտրական խոստումների ծրագրով ունենք ծրագրեր, որոնցից առհասարակ հրաժարվել ենք և դրանց մասին բարձրաձայնել ենք, մասնավորապես փողոցային մի քանի հանգույցներում քաղաքաշինական որոշակի լուծումներից, Կրկեսի հատվածում, Հայրենիք կինոթատրոնի հատվածում: Ունենք որոշակի ժամկետային խախտումներ որոշ ծրագրերով, բայց ընդհանուր առմամբ էական թերակատարումներ չունենք, մեր տարեկան ծրագիրը մեր հնգամյա ծրագրից առաջ է ընկած ընդհանուր առմամբ: Մեր բոլոր ծրագրած միջոցառումների գերակշիռ մեծամասնությունը գերակատարվել է»:
Իր հերթին Անետա Բաբայանն ասաց. «Ինչպես պլանավորում ենք ծրագրերը, ըստ այդմ էլ հաշվետվողականությունը ներկայացվում է: Այն ծրագրերը և այն միջոցառումները, որոնք ծրագրի շրջանակներում պլանավորված են, իրենք իրենց բնույթով ենթադրում են ծավալուն շարունակական աշխատանքներ, այսինքն ինչ-որ մի կոնկրետ բան մեկ տարվա ընթացքում անել և ավարտելու մասին չէ խոսքը, այլ հիմնականում ստրատեգիական բնույթի նախաձեռնություններ են սրանք։
Եթե մենք անդրադառնանք, կարող ենք չափել ինչ չափով են ավարտված կամ ինչ չափով են արված, այդ մասով մենք այս պահին լիակատար տեղեկատվություն և տվյալների չենք տիրապետում, որպեսզի գնահատենք կատարողականի տոկոսը:
Հիմա մենք հակված ենք առաջիկայում ջանքներ դնել, որպեսզի հաջորդիվ հաշվետվողականությունները լինեն այդ տրամաբանությամբ։ Ցավոք, այս պահին բավարար ինֆորմացիա և տվյալներ առկա չեն, որպեսզի հաշվետվությունը այդ տրամաբանությամբ ներկայացվի»:
Հայկ Գրիգորյանին պատասխանը չբավարարեց. «Ես կարծում եմ, դուք ձեր զբաղեցրած և կատարած աշխատանքին չեք համապատասխանում, որովհետև ես ձեզ շատ պարզ հարց եմ տալիս, ասում եմ, կարո՞ղ եք թվարկել որևէ ծրագիր, որ չկա, դուք հինգ րոպե ինչ-որ բաներ եք խոսում, որից ես ոչ մի բան չհասկացա: Իմ կարծիքով որևէ մեկ նոտ չհասկացավ, ու դա առաջին անգամ չի, դուք երևի մի երեք անգամ այստեղ բան եք զեկուցել, ու ընդհանրապես ես չեմ կարողանում հասկանալ, ինչ եք ուզում ասել:
Կամ ով որ գրել է այս տեքստը, որը դուք կարդում եք, ինքը խնդիր ունի, կամ դուք կարող է շատ լավ մասնագետ եք, բայց դուք ներկայացնելու հետ կապված շատ լուրջ խնդիր ունեք, որովհետև թե հիմնական զեկույցի ընթացքում, թե հարց ու պատասխանի դեպքում ես ձեզանից որևէ բովանդակային բան չեմ կարողանում ընկալել, իսկ ես ընկալման հետ խնդիր չեմ ունենում»:





























