Քաղաքային տրանսպորտի և շարժունակության ոլորտում 2024-ի հիմնական ձեռքբերումներից են 171 նոր ավտոբուսների և 15 էլեկտրական տրոլեյբուսների ձեռքբերումն ու շարժակազմում դրանց գործարկումը: Այդ մասին, այսօր՝ մարտի 18-ին, Երևանի ավագանու նիստի ժամանակ ասաց «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Անետա Բաբայանը՝ ներկայացնելով Երևանի զարգացման 2024 թվականի ծրագրի իրականացման հաշվետվությունը:
Անետա Բաբայանը նաև հիշեցրեց՝ 2024-ին տրոլեյբուսային երթուղին երկարացվել է մինչև Նուբարաշեն: Պատրաստվել է նաև 2025 թվականից միասնական տոմսային համակարգի ներդրման ծրագիրը, որին առնչվող հիմնական աշխատանքներն ավարտված են, իսկ բարելավումները շարունակվում են:
«Նախապատրաստվել է 250 նոր էլեկտրաբուսների ձեռքբերման համապարփակ ներդրումային ծրագիրը, և այժմ ֆինանսավորման ու Կառավարության հետ բանակցությունների պրոցեսում ենք»,- ասաց նա:
Ըստ 2024 թվականի հաշվետվության՝ կատարվել է նաև ընդհանուր 50 կիլոմետր երկարությամբ ճանապարհների վերանորոգում, 123 բակային տարածքների բարելավում: Շարունակվում է նաև վերելակների փոխարինման ծրագիրը:
«Երբ ուսումնասիրում եմ տարեկան ծրագիրը, դա, ըստ էության, բավականին ամբիցիոզ և հավակնոտ միջոցառումների ու ծրագրերի փաթեթ է և բավականին լուրջ: Այս մի քանի անշունչ տեքստերի հետևում թաքնված է ահռելի ծավալի աշխատանք»,- ասաց Բաբայանը:
Քաղաքապետ։ Տիգրան Ավինյանն էլ խոստացավ, որ հաջորդ տարվա հաշվետվությունը հիմնված կլինի որակական ցուցանիշների վրա:




























