Խոսում եք առաջնահերթությունից, բայց քաղաքի շինարարական հրապարակներից, որ դուրս ես նայում, լացդ գալիս է, չկա քաղաքապետարան: Այս մասին, այսօր՝ մարտի 18-ին, Երևանի ավագանու նիստի ժամանակ ասաց ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը:

«Զրո է քաղաքապետարանը, որ գնա, ասի՝ ընկե՛ր ջան, շինարարության տեղից որ դուրս ես գալիս, նվազագույնն անվադողերդ լվա, իսկ դա լինում է քաղաքապետարանի երկրորդ մասնաշենքի ուղիղ դիմաց: Ինչի՞ համար, որովհետև այդ բռնող մարմինն էլ Տիգրան Ավինյանի դասարանցին է, օրինակի համար։

Ես էլ հրապարակային ասում եմ՝ տղե՛ք, մի հատ գնացուցակ փակցրեք, ասեք՝ մի անգամ խախտումը՝ 100 դոլար, մշտականը՝ 500, այն մեկը՝ 2,000»,- ասաց նա:

Մանուկյանը նշեց, թե կալանավորված վարչության պետ ունեին, ով ասում էր՝  եղել է Չինաստանում գործուղման, զարմացած էր մնացել, որ մի հատ փոշի դուրս չէր գալիս: «Ասում էր՝ Երևանը ե՞րբ է գալու հասնի այ դրան»,- ընդգծեց նա:

Մանուկյանը հայտարարեց, թե 50 անգամ ասել է՝ Երևան քաղաքն ի վիճակի է կանաչ բոնդեր թողարկելու: «Ասել եմ մեխանիզմը բացատրեմ, գնորդին էլ գտնեմ, բերեմ, առնենք մաքուր էլեկտրական ավտոբուսները բերենք: Հասկացե՞լ եք, միգուցե հասկացել եք, քայլ արե՞լ եք, ո՛չ, զրո: Հետևաբար կարող եմ ասել՝ ոչ մի բան չեք ուզում դուք, կամ չեք հասկանում, ոնց ուզում եք, դուք մեկնաբանեք: Զարգացման ծրագիրը ներկայացնելուց էլ դուք պիտի ասեք՝ մեր կատարողականը եղել է 80%, այսքան տոկոս»,- հայտարարեց Մանուկյանը: