«Մահմեդական եղբայրներ» կազմակերպության սիրիացի կողմնակիցներն իրենց վրա են վերցրել դեկտեմբերի 23-ին Դամասկոսում տեղի ունեցած ահաբեկչությունների պատասխանատվությունը:

«Մեր հաղթանակած սունիական խմբերից մեկը կարողացել է Դամասկոսում անվտանգության ուժերի դեմ հաջողված գործողություններ իրականացնել: Գործողություններին չորս մահապարտ է մասնակցել: Նրանք հայտնի մարդիկ են», - ասված է  համացանցում կազմակերպության հրապարակված հաղորդագրության մեջ, գրում է «Ինտերֆաքս»-ը:

Հիշեցնենք, որ Սիրիայի իշխանություններն ահաբեկչությունների կազմակերպման մեջ, որոնց հետեւանքով 44 մարդ զոհվել եւ 166-ը վնասվածք էին ստացել, կասկածում էին  «Ալ Քաիդա» շարժմանը:

«Մահմեդական եղբայրներ» միջազգային կրոնական-քաղաքական կազմակերպությունը աշխարհի ամենահին ահաբեկչական կազմակերպություններից է: Հիմնադրվել է 1928թ. մարտին:

Նշենք, որ «Մահմեդական եղբայրներ» շարժման քաղաքական կուսակցությունը Եգիպտոսի խորհրդարանական ընտրություններում վստահ հաղթանակ է տանում:

Միեւնույն ժամանակ, դեկտեմբերի 24-ին Դամասկոս է մեկնել Արաբական պետությունների լիգայի դիտորդական առաքելության ղեկավար գեներալ Մուհամեդ Ահմեդ Մուսթաֆա ալ-Դաբին, գրում է «Ռոսբալտ»-ը: Առաքելության այցը նախատեսված է դեկտեմբերի 26-ին: