Իրավիճակը ապակայունացման չի գնում։ Այս մասին մարտի 18-ին լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանում կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։

Միաժամանակ, նրա գնահատմամբ, Ադրբեջանից անհասկանալի հայտարարություններ են հնչում, որոնք որեւէ առնչություն չունեն գործընթացի էության հետ (խաղաղ գործընթացի- խմբ.)։

«Հայաստանի կառավարությունը հայտարարել է, որ Ադրբեջանից ակնկալում է փաստացի տեղեկատվություն ստանալ այն մասին, որ Հայաստանը խախտել է հրադադարի ռեժիմը։ Սակայն Բաքուն ոչ մի տվյալ չի ներկայացրել, որոնք լինել էլ չեն կարող»,- ավելացրել է պատգամավորը։

Բացի այդ, Ադրբեջանը դեռ չի հերքել Երեւանի առաջարկը՝ ստեղծել վերահսկման մեխանիզմ հրադադարի ռեժիմին հետեւելու համար, նշել է Հովհանիսյանը։

«Ընդ որում, ես չեմ կարծում, թե իրավիճակը գնում է այլ ուղղությամբ, կա Ադրբեջանի հետ համաձայնեցված խաղաղության պայմանագրի տեքստ, որի շուրջ երկար աշխատանք է տարվել։ Հայաստանը վերջին անգամ համաձայնություն տվել է Բաքվի առաջարկներին, ուստի մեզ համար էլ ավելի անհասկանալի է Ադրբեջանի նման քաղաքականությունը»,- ընդգծել է նա։

Խորհրդարանականը Բաքվին կոչ է արել վերադառնալ կառուցողական դաշտ եւ սկսել երկխոսություն խաղաղության համաձայնագրի ստորագրման հարցում։