Հայաստանի Սահմանադրությունը փոխելու պահանջի մասին Ալիեւի հայտարարությունները նպատակ ունեն դա օգտագործել որպես Հայաստանի ներսում լարվածություն ստեղծելու լծակ եւ թույլ չտալու գնալ փոփոխությունների ճանապարհով։ Այս մասին մարտի 18-ին լրագրողների հետ զրույցում ասել է կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։
Նա հավաստիացրել է, որ Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը Հայաստանի ներքին գործն է, եւ ոչ ոք չի կարող միջամտել նրա ներքին գործերին եւ որեւէ բան պարտադրել։
«Ինչ վերաբերում է այն մեղադրանքներին, թե Հայաստանի Սահմանադրությունում իբր կան տարածքային պահանջներ Ադրբեջանից, ապա այդ հարցը լուծվել է սահմանազատման եւ սահմանագծման կանոնակարգի ընդունման գործընթացում, ինչպես նաեւ խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցման ժամանակ, որում պարունակվում է կետ այն մասին, որ միջազգային պարտավորությունները բարձր են լինելու երկու երկրների ներպետական օրենսդրությունից»,- ընդգծել է Հովհաննիսյանը։
Պատգամավորը չի կարողացել, սակայն, հստակ մեկնաբանություն տալ Սահմանադրության կամ Հայաստանի Անկախության հռչակագրի փոփոխույթան առիթով՝ միայն տեղեկացնելով, որ քննարկումներ են վարվում։
Նա նշել է, որ Հայաստանի Սահմանադրությունը փոխելու քննարկումներն սկսվել են դեռեւս 2018-2019թթ.։











