Հայաստանում զգալի առաջընթաց է գրանցվել նախադպրոցական կրթության ոլորտում։ Այս մասին Ազգային ժողովում մարտի 18-ին մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովում 2024թ. պետական բյուջեի կատարման ընթացքի եւ արդյունքների հաշվետվության քննարկման ժամանակ ասել է հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։
2024թ. վերջին, ինչպես նշել է նախարարը, նախադպրոցական կրթության համակարգում ընդգրկված է եղել 3-5 տարեկան երեխաների 75 տոկոսը, մինչդեռ 2017թ. այդ ցուցանիշը կազմել է ընդամենը 56 տոկոս։
«Այս ցուցանիշներին հասնելու գործում կարեւոր դեր է խաղացել 500 մանկապարտեզների կառուցման, վերականգնման եւ նորոգման կառավարության ծրագիրը»,- կարծում է Անդրեասյանը։
Նրա խոսքով՝ 195 նախադպրոցական ուսումնական հաստատություններում աշխատանքներն արդեն ավարտվել են։ Միաժամանակ, 136 մանկապարտեզում շինարարական գործընթացն իրականացման փուլում է։ Մնացած 64-ի համար կատարվում են նախապատրաստական աշխատանքներ։
Միաժամանակ նախարարն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ կառավարության ծրագրում ընդգրկված 125 մանկապարտեզները գտնվում են գյուղական համայնքներում։ Ծրագրի ավարտից հետո, ինչպես նշել է Անդրեասյանը, ավելի քան 33 հազար երեխա կունենա «նախադպրոցական կրթություն ստանալու համար բարենպաստ պայմաններ»։
Նախարարի հավաստիացմամբ՝ նախադպրոցական կրթության հասանելիությունը հիմնական նպատակներից մեկն է, որն ամրագրված է կառավարության ծրագրում։




























