7–ամյա Նարեկը գրանցել է իր հերթական ռեկորդը՝ աջ ոտքով 6.5 կմ/ժ արագությամբ ընթացող վազքուղու վրա վազելով 1 րոպեում 183 անգամ: Նա գերազանցել է աշխարհի գործող ռեկորդը՝ 132 անգամ։
Նարեկը, որը «Դյուցազնագիրք» դյուցազունների ասոցիացիայի ամենափոքր սանն է, այսպիսով դարձել է ամենափոքր հայ ռեկորդակիրը, որը գրանցվել է Գինեսի գրքում։
«Դյուցազնագիրք» դյուցազունների ասոցիացիա ՀԿ նախագահ Վարդան Թովմասյանի խոսքով՝ Գինեսը այս տարիքի երեխաների գործերը սովորաբար չի ընդունում, և զարմանալի էր, որ Նարեկի գործերն ընդունեցին։
7-ամյա Նարեկը դեռևս սեպտեմբերից էր սկսել մարզվել՝ իր պապիկի և մարզչի՝ Ռոման Սահրադյանի աջակցությամբ։
«Սկսելը դժվար էր, բայց ես հաղթահարեցի։ Ինձ օգնել են պապիկս ու ընկեր Ռոմանը։ Նա պատմեց այդ ռեկորդի մասին, և ես որոշեցի անել դա», – պատմեց Նարեկը։
Նրա խոսքով՝ մարզումները չեն խանգարել իր առօրյա կյանքին, և նա վստահ էր, որ կհասնի նպատակին։
Ռոման Սահրադյանը ևս մեծ ոգևորությամբ է խոսում իր աշակերտի նվաճման մասին։
«Այդ տարիքում նման վարժություն կատարելն իրոք ֆենոմենալ երևույթ է։ Նարեկը իր ընտանիքում առաջին ռեկորդակիրը չէ։ Նրա եղբայրը ևս 12 տարեկանում գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ 1 րոպեում պտտաձողի վրա կատարելով 50 պտույտ»,- հավելեց Ռոման Սահրադյանը։




























