Մոտ հինգ ամիս առաջ քաղաքապետարանի բյուջեի հաշվին դուք, պարոն Ավինյան, գնացիք Լոս Անջելես, ըստ պայմանագրի ձեր թռիչքի տոմսը եղել է Business Class և արժեցել է մոտ 20,000 դոլար։ Այս մասին, այսօր՝ մարտի 18-ին, Երեւանի ավագանու նիստում նշեց ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Պեդրո Զարոկյանը:

«Հետո աղմուկ բարձրացավ, թե ինչու Business Class-ի տոմսը, որ իրականում արժէ 4-5 հազար դոլար, ինչու է քաղաքապետարանը մուծել 20,000 դոլար: Այդ աղմուկը զսպելու համար դուք ասեցիք ձեր գրպանից վերադարձրել եք 20 հազար դոլարը: Այստեղ երկու տարբերակ կարող է եղած է լինել, խնդրեմ պարզեք որն է եղել: Առաջին տարբերակը, որ իրականում բիզնես կլասի գինը 5000 դոլար է, մի հոգի 15000 դոլար ատկատ է ստացել, և արդյոք դուք այդ 15000 դոլար ատկատը վերցրել եք, 5000 դոլար ավելացրել եք ու վերադարձրել եք 20000 դոլարը քաղաքապետարանի բյուջե, թե՞ երկրորդ տարբերակն է եղել, ըստ որի, դուք իրականում business class-ով չեք թռել,  առաջին դասի տոմսով եք թռել, որը հնարավոր է 20,000 դոլար արժենա, որովհետև այնտեղ խավիար են տալիս, մահճակալ կա, մենիքյուր, փեդիքյուր են անում, դուք ավելի լավ կիմանաք: Այդ տոմսով եք դրել և աղմուկը զսպելու համար 20,000 դոլար ձեր գրպանից տվել եք, բայց ձեր աշխատավարձը տարեկան 30-32,000 դոլար է, հիմա ո՞նց եք ձեր տարեկան աշխատավարձի կեսից ավելին վերցնել ու մուծել: Խնդրում եմ պարզեք»,-ասաց նա:

Ի պատասխան Տիգրան Ավինյանն ասաց. «Անկեղծ ասած, ինձ առհասարակ երբևէ մենիքյուր, փեդիքյուր (նա դա արտասանեց Զարոկյանի առոգանությամբ-խմբ) չեն արել, ոչ ինքնաթիռում, ոչ էլ առհասարակ: Ինչ վերաբերում է, թե ոնց եմ վերադարձրել այդ գումարը, դուք կարող եք վերցնել իմ հայտարարագրերը 2017 թվականից սկսած: Կարծում եմ հենց այդ հայտարարագրերը բացեք, տեսնեք բովանդակությունը, ձեր վերջին հարցի պատասխանը կստանաք:

Երկրորդը, ինչ վերաբերում է տոմսի բարձր գնին, դա պայմանավորված է եղել ժամկետով, այսինքն վերջին թռիչքից մի երկու օր առաջ է տոմսը գնվել: Դա եղել է տարբեր ձգձգումների պատճառներով: Այո, ես վերադարձրել եմ տոմսի գինը, ոչ նրա համար, որ դա բիզնես կլաս է, այլ նրա համար, որ իմ տպավորությամբ, մեր աշխատակիցները, եթե մի փոքր ավելի լավ աշխատեին այդ ուղղությամբ, այդ տոմսի գինը այդքան չէր լինի, էականորեն ավելի նվազ գին կունենար: Հիմա կարծում եմ մտահոգվելու որևէ հարց չունեք, քանի որ ամբողջությամբ այդ գումարը վերադարձրել եմ»,-ասաց Ավինյանը:

Զարոկյանը նկատեց, որ իր կասկածները չեն վերանում, քանի որ ինքը մեկ-երկու օր առաջ փորձել է Qatar Airlines-ով բիզնես կլասի տոնս գնել, մեկ օր առաջ էլ նույնիսկ 5000 դոլար չի գերազանցել. «Անհնար է 20000 դոլար լիներ: Այն փաստը, որ ոչ ոք չի պատժվել, այս կասկածանքները չեն վերացրել ու մնում են ձեր վարկանիշի վրա»:

Տիգրան Ավինյանն էլ արձագանքեց, որ իրականում քաղաքապետարանի երկու աշխատակիցներ դրա համար պատժվել են, ստացել են նկատողություն. «Երկրորդն էլ, անկեղծ ասած, եթե կասկածներ ունեք, կարող եք հավելյալ հարցում անել, բոլոր փաստաթղթերը ստանալ և տեսնել, որ դա հենց այն է, ինչ կա»,-ասաց նա: