ՔՊ և «Հանրապետություն» խմբակցությունների անդամները ոչ թե մեզ բոյկոտեցին, այլ 17000 երևանցու ստորագրությունը, ավելի ճղճիմ և փոքրոգի, ավելի վախկոտ և ողորմելի վարքագիծ դժվար է ենթադրել։ Այս մասին, այսօր՝ մարտի 18-ին, Երեւանի քաղաքապետարանում լրագրողների հետ զրույցում նշեց «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը՝ անդրադառնալով նրան, որ իշխանական երկու խմբակցությունները լքեցին դահլիճը, երբ պետք է քննարկվեր տրանսպորտի գները չբարձրացնելու նախագիծը:
«Դրանք ցույց տվեցին, որ իրենք նաև քաղաքական, քաղաքացիական առումներով էլ, նաև որպես երևանցի էլ սպառվել են, իրենք պաթոլոգիկ վախեր ունեն, իրենք խայտառակ ցածր վարքանիշ ունեն, և շատ լավ իմանալով, որ «Մայր Հայաստանը» բացի քաղաքական գնահատական հնչեցնելուց նաև փաստեր, թվեր, վիճակագրություն է վերհանում, որը հերթական անգամ այդ տիղմը հանում է ջրի երես, նաև դրանից վախենալով, խուսափելով, իրենք դեմարշ արեցին:
Բայց թող պատրանքներ չունենան, այն խոսույթը, որ մենք ունենք տրանսպորտային համակարգում տիրող այդ խայտառակ իրավիճակի հետ կապված, միշտ լինելու է այս դահլիճում և միշտ լինելու է արդիական։
Սրանով իրենք նաև էլ ավելի ամուր դարձրեցին մեր նախնական մտադրությունը, որ փորձենք իրականություն դարձնել տեղական հանրաքվեն»,-ասաց նա:





























