Ստորագրահավաք է կազմակերպել մի մարդ, որն ավագանու անդամ է ընտրվել, չէ եկել որևէ նիստի, միանգամից մանդատը դրել է, հիմա ինչ-որ նախաձեռնություն է արել, և մենք գիտենք, որ այդ ստորագրահավաքը ըստ էության մանիպուլատիվ, մոլորեցնող բնույթ է կրել: Այս մասին այսօր՝ մարտի 18-ին, Երեւանի քաղաքապետարանում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը՝ անդրադառնալով նրան, որ ՔՊ եւ «Հանրապետություն» խմբակցությունները լքեցին նիստերի դահլիճը, երբ պետք է քննարկվեր «Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թեւանյանի նախագիծը, որը վերաբերում էր տրանսպորտի գները չբարձրացնելուն:

«Իրենք 300 դրամի պաստառով պտտվել են և ասել են, որ 300 դրամ է դառնալու սակագինը ու այդ հիմքով ստորագրություն են հավաքել և մարդիկ դա իմանալով են ստորագրել: Այսինքն իրենք իրականությունը չեն ներկայացրել, և մենք գտնում ենք, որ հարցը այլևս արդիական չի, որովհետև իրենք բոյկոտ սկսեցին և հաջողության չհասան:  Իհարկե իրենք դեռ շարունակում են ասել, որ բոյկոտը շարունակվում է, բայց բոլորն էլ գիտեն, որ բոյկոտը չի շարունակվում: Թվերն էլ դրա մասին խոսում են»,-ասաց նա:

Հարցին՝ արդյոք ստորագրահավաքին մասնակցած 17 հազար մարդիկ արհամարհված չեն զգա, որ տեսնեն՝ քաղաքային իշխանությունները նույնիսկ չեն ցանկանում մնալ նիստերի դահլիճում, ՔՊ խմբակցության ղեկավարն ասաց. «Ես էլ կարող եմ ասել, որ 100 հազարավոր քաղաքացիներ կան, որոնք  օգտվում են նոր տրանսպորտային համակարգից, նոր սակագներով, և մենք արդեն իսկ 80 հազար քաղաքացու ստորագրության հիմքով այդ հարցը քննարկել ենք։ Հիմա իրենք նույն հարցը բերել են ավելի փոքր ստորագրություններով, բնական է, որ արդեն արդիական չի այդ հարցը քննարկելը»:

Անդրադառնալով ուղեվարձը չվճարելու համար պատիժ սահմանելուն, Արմեն Գալջյանը նկատեց, որ չկա որեւէ երկիր, որտեղ չվճարելու համար սանկցիա չլինի. «Եթե դա չլինի, մարդիկ կսկսեն չվճարել և եթե չվճարեն, կլինի թերհավաքագրում: Տուգանքի իմաստը հենց դա է և դա նորմալ է»: