Ադրբեջանի պետական ​​անվտանգության ծառայությունը ձերբակալել է 18-ամյա բլոգերին՝ Հայաստանի հետ սահմանին ռազմական տեխնիկայի տեղաշարժը նկարահանելու համար, հայտնում է «Спутник»-ը՝ հղում անելով տեղական լրատվամիջոցներին։

Կադրերը հայտնվել են TikTok-ում մարտի 15-ին։ Դրանցում նշվել է, որ ադրբեջանական բանակը պատրաստվում է սահմանին ռազմական գործողությունների։

Պետական ​​անվտանգության ծառայությունը քրեական գործ է հարուցել: Կառույցում պնդում են, որ տեսագրությունը նկարահանվել է այս տարվա փետրվարի 27-ին։

«Պարզվել է, որ 2007 թվականին ծնված Ադրբեջանի քաղաքացի Ռուստամով Սամեդ Բահման օղլուն՝ 2025 թվականի փետրվարի 27-ին նկարահանել է Ադրբեջանի ԶՈՒ-ին պատկանող զինտեխնիկայի տեղաշարժը Գադաբայի շրջանի տարածքում (Գեղարքունիքի սահմանին), իսկ 2025 թվականի մարտի 15-ին TikTok սոցիալական ցանցի իր էջում հրապարակել է այս տեսանյութը, որի տարածումն օրենքով արգելված է»,-ասված է հաղորդագրությունում:

Ծառայությունը միաժամանակ պնդում է, որ այս տեսանյութերին ավելացվել են «սոցցանցերում տարբեր ժամանակներում տեղադրված տեսանյութեր՝ իրականությունը չարտացոլող լրատվական նյութերի հղումներով»։