Ամերիկյան դատարանը պաշտոնապես հաստատել է հոլիվուդյան դերասան Մել Գիբսոնի եւ նրա օրինական կնոջ` Ռոբին Մուրի ամուսնալուծությունը: 31 տարվա համատեղ կյանքից հետո գալիք տարվա հունվարի 9-ից նրանք այլեւս ամուսիններ չեն լինի:
Ըստ ամերիկյան լրատվամիջոցների` Մուրը, ամենայն հավանականությամբ, բավականին կլորիկ գումար կստանա, քանի որ կողմերն ամուսնական պայմանագիր չեն ունեցել: Գիբսոնի կարողությունը, ըստ փորձագետների, կազմում է 850 մլն դոլար: Ենթադրվում է, որ Գիբսոնն առանց պայքարի կնոջը կտա ամեն ինչ, ինչ նրան պատկանում է օրենքով: Դերասանը չի թաքցնում, որ ամուսնալուծության հարցն ուզում է խաղաղ լուծել:
Հիշեցնենք, որ այս տարի Լոս Անջելեսի դատարանը դերասանին պայմանական ժամկետ էր տվել այն բանի համար, որ վերջինս ծեծի էր ենթարկել իր երեխայի մորը` դաշնակահարուհի Օքսանա Գրիգորեւային: Ավելի վաղ, դատարանի վճռով, Գիբսոնը պարտավորվել էր 750 հազար դոլար վճարել Օքսանային:
Միաժամանակ` ամերիկյան լրատվամիջոցները հայտնաբերել էին միանգամից երկու կնոջ, ովքեր հավակնում էին տեղ զբաղեցնել Գիբսոնի կողքին: Նրանցից մեկն աֆղանուհի է եւ շատ նման է Օքսանային, տեղեկացնում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:




























