Մասկվայի Սախարովի հրապարակում «Հանուն արդար ընտրությունների» հանրահավաքի մասնակիցները ամփոփիչ բանաձեւ են ընդունել, որում նշվում է, որ իշխանությունները դեկտեմբերի 10-ին Բոլոտնայա հրապարակի հանրահավաքի պահանջները չեն կատարել:

Բանաձեւում մի շարք պահանջներ կան, այդ թվում` խորհրդարանական նոր ընտրությունների անցկացում:

Հանրահավաքի մասնակիցները պահանջում են նաեւ քաղաքական բանտարկյալների ազատում, ընտրությունների արդյունքների վերանայում, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավար Չուրովի հրաժարականը եւ նրա գործունեության հետաքննումը, մեղավորներին պատժելը, բոլոր ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը, ժողովրդավարական օրենսդրության ընդունում` 2013թ. փետրվարից ոչ ուշ, ընտրողների միության ստեղծում` ընտրությունների ընթացքը վերահսկելու համար, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:

Բանաձեւի վերջին կետում ասվում է. «2013թ. մարտի 4-ին ընտրաձայները չտալ Վլադիմիր Պուտինին»:

Սախարովի հրապարակի հանրահավաքն ավարտվել է  «Ռուսաստանն ազատ կլինի» եւ «Մենք նորից կգանք» կարգախոսների վանկարկմամբ: «Հանուն արդար ընտրությունների» հաջորդ հանրահավաքը, ինչպես տեղեկացրել է Բորիս Նեմցովը, նախատեսվում է անցկացնել 2012թ. փետրվարին:

Հիշեցնենք, կազմակերպիչների գնահատմամբ` դեկտեմբերի 24-ին Սախարովի հրապարակում մոտ 120 հազար մարդ է հավաքվել, այնինչ մոսկովյան իրավապահների գնահատմամբ` մասնակիցների թիվը չի գերազանցել 29 հազարը: