Թուրքական ոստիկանությունը հակակոռուպցիոն հետաքննության շրջանակում ձերբակալել է Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին։ Այս մասին հայտնել է NTV հեռուստաալիքը։

Նշվել է, որ քաղաքապետարանի որոշ պաշտոնյաներ, որոնք մտերիմ են Իմամօղլուի հետ, «բարձր գներ են առաջարկել Medya A.Ş եւ Kültür A.Ş. ընկերությունների ծառայությունների գնման համար», որոնք կապված են Ստամբուլի քաղաքապետարանի հետ։ Այս ընկերությունները, ըստ դատախազության, պատվերներ են ստացել իրենց իրական արժեքից շատ ավելի բարձր գնով։ Խոսվում է նաեւ շորթման եւ կաշառքի դեպքերի մասին։

Բացի այդ, գլխավոր դատախազությունը նրա եւ ավելի քան 100 անձանց դեմ առաջ է քաշում կոռուպցիայի, կաշառակերության եւ ահաբեկիչների հետ համագործակցության մեղադրանք, տեղեկացրել է հեռուստաալիքը։

Ահաբեկիչների հետ համագործակցության հարցի քննությունը կենտրոնացած է Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության քաղաքական թեւի հետ քաղաքապետարանի ինչ-որ պայմանավորվածությունների հարցի վրա։ Իբր «Իմամօղլուն մունիցիպալ ընտրություններից առաջ դաշինք է ձեւավորել այդ կազմակերպության հետ, ինչի արդյունքում նրա անդամները ազդեցություն են ձեռք բերել քաղաքային կառավարման համակարգում։