Այդ խոստումներից, այդ հեքիաթներից ժողովուրդը արդեն հոգնել է. Գյուլնազ տատի հեքիաթն է դառել, ամեն անգամ գալիս են, խոստանում են, փետրվարին մեզ արդեն պետք է տարհանեին, իսկ հիմա արդեն մարտն է, նոր ծրագիր են ուզում կազմել: Այս մասին, այսօր՝ մարտի 19-ին, քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ NEWS.am-ի հետ զրույցում նշեց Վարդաշենի 6-րդ փողոցի 68ա շենքի բնակիչներից Վիոլետան:

Նշենք, Վարդաշենի հանրակացարանի՝ 68ա շենքի բնակիչներն այսօր անձրևի տակ բողոքի ակցիա են իրականացնում Երեւանի քաղաքապետարանի շենքի դիմաց: Նրանք նշում են, որ դեռ քարոզարշավի ժամանակ Տիգրան Ավինյանն իրենց խոստացել էր ընտրվելու դեպքում իրենց հարցը լուծել, այդ վթարային շենքից իրենց դուրս բերել եւ բնակարաններով ապահովել: Քաղաքապետի խոստացած ժամկետը լրացել է, խնդրին լուծում չի տրվել, իսկ շենքն ամեն պահի փլուզման վտանգի տակ է:

«Այդ նոր ծրագիրը կտևի տարիներ, իսկ մենք արդեն ի վիճակի չենք այնտեղ ապրելու: Ինձ մոտ առաջացել է բրոնխիա ասթմա, բոլորի առողջականը քայքայվել է, տուալետում սեւ սունկ է աճում, մաքրում ես, հաջորդ օրը նորից սևանում է, հնարավոր չի ապրելը, բառիս բուն իմաստով:

Մենք այս պահին լքված ենք, արհամարհված, գալիս խոստանում ենք, գնում մոռանում են: Ինչպես կարելի է մարդկանց այս կարգի արհամարհել, այն մարդկանց որոնց կյանքը վտանքի տակ է: Մենք չենք ուզում նոր ծրագրեր, նոր հեքիաթներ, մեզ պետք է անհապաղ տարհանեն չորրորդ կարգի վթարային շենք է: Հինգ տարի առաջ արդեն պետք է իբր տարհանեին։ Եթե չանեն, մենք կդիմենք ամեն տեղ, միջազգային ատյաններ, մեր ձայնը վերջապես լսելի կդարձնենք, քանի այն աշխարհ չենք գնացել»,- ասաց նա:

Կինը հավելեց, որ իրենց բնակարանը 2-րդ հարկում է, շատ խոնավ է, պատերը լրիվ ջուր են քաշում. «Սողանքային շենք է, թեքված շենք է, արդեն բալկոնը փլվում էր: Բալկոնը քանդեցին, այդ սողանքը իբր էլ չի երևում»,- ընդգծեց նա: