Եթե ես արտահոսք եմ կատարել  մեր խմբակցության նիստերից և քննարկումներից, ապա դա ես համարում եմ դավաճանություն թիմի նկատմամբ: Այս մասին այսօր՝ մարտի 19-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ պատգամավոր, ՔՊ-ից հեռացված Հովիկ Աղազարյանը:

«Եթե այդ Պավլիկ Մարոզովները լրագրողների ներկայությամբ կհիմնավորեն, ընդամենը ցույց տան մի քանի դեպքեր, որ այդ բանը տեղի է ունեցել, ես իմ մանդատը վարկ կդնեմ: Դա ասել եմ առաջին օրվանից»,-ասաց նա:

Հարցին՝ արդյոք պետական գաղտնիքի ենթադրյալ հրապարակման գործով իիրեն կանչել են հարցաքննության, Աղազարյանը բացասական պատասխան տվեց. «Ոչ, ինձ չեն կանչել այդ գործով հարցաքննության: բնության մեջ չի կարող այդպիսի բան լինել, որովհետև ես ինքս պետական գաղտնիքի չեմ տիրապետում: Ես կարող եմ պետական գաղտնիքի ծանոթանալ, որը թույլատրված է պատգամավորներին, հստակ ընթացակարգով՝ գնում ես, համապատասխան բաժին, դիմում ես գրում, խնդրում ես ներկայացնել տվյալ փաստաթուղթը, տվյալ փաստաթուղթը բերում են քեզ ներկայացնում, տեղում կարդում ես, ծանոթանում ես, հետ ես տալիս: Այդպիսի իրավիճակ ես իմ պատգմավորի յոթ տարվա մեջ չեմ եղել:

Իսկ եթե խաշի սեղանի շուրջ որևէ պաշտոնյա, ամենաբարձր աստիճանի պաշտոնյա, թեկուզ Նիկոլ Փաշինյանը, իր խոսքի մեջ որևէ բան է ասել, որը պարունակել է պետական գաղտնիք, ես էլ չորս ժամ հետո խորովածի սեղանի շուրջ եմ կիսվել իմ ընկերների հետ, կներեք դա...: Քանի որ ես չեմ տիրապետում, որն է այդ համարվում պետական գաղտնիք կամ որը պետական գաղտնիք չի, հետևաբար պետք է ասել, որ այդպիսի իրավիճակ չի եղել»,- ընդգծեց նա: