Ստամբուլի ձերբակալված ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն չորս օր կմնա ոստիկանությունում, հայտնել է CNN Turk-ը՝ հղում կատարելով աղբյուրներին։ Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն ձերբակալվել է կոռուպցիայի, կաշառքի եւ կաշառակերության մեջ ներգրավված կազմակերպության գործով, չորեքշաբթի հայտնել է քաղաքի գլխավոր դատախազությունը։ Քաղաքական գործիչն ասել է, որ «մտադիր չէ զիջել» իշխանությունների ճնշման տակ։ Ստամբուլի մի շարք կենտրոնական փողոցներում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները, մասնավորապես՝ ոստիկանության գլխավոր շտաբի շենքի դիմաց, Իմամօղլուի ձերբակալության ֆոնին, ընդհատումներ են նկատվում սոցիալական ցանցերի աշխատանքի մեջ։ Այս ֆոնին դոլար/թուրքական լիրա փոխարժեքը չորեքշաբթի ավելի քան 10 տոկոսով բարձրացել է՝ առաջին անգամ անցնելով 41 լիրայի նիշը: Ստամբուլի ֆոնդային բորսայի հիմնական BIST 100 ինդեքսը բացման ժամանակ նվազել է 6,87 տոկոսով՝ Իմամօղլուի ձերբակալության մասին լուրերի ֆոնին։
«Էքրեմ Իմամօղլուն եւ նրանք, ովքեր ձերբակալվել են նրա հետ, կալանքի տակ կմնան ոստիկանությունում չորս օրվա ընթացքում»,- տեղեկացրել է հեռուստաալիքը լուրերի թողարկման ուղիղ եթերում։





























