«Իմ գործընկերներն արդեն ներկայացրին, որ օրենսդրական նախաձեռնությունն անհրաժեշտ չէ։ Եթե պետությունը ցանկանում է, պետք է սոցիոլագիական տվյալներ ներկայացնի, որ դրա անհրաժեշտությունը կա և հասարակության պահանջն է հիմք հանդիսացելե նախաձեռնության համար։ Մինչդեռ հակառակը, չափազանց վտանգավոր նախագիծ է»։ Այս մասին այսօր՝ մարտի 19-ին ՀՀ փաստաբանների պալատի կողմից կազմակերպված քննարկման ժամանակ ասաց իրավաբան, ԱԺնախկին պատգամավոր Տարոն Սիմոնյանը՝ խոսելով հայցի ապահովման միջոց կիրառելու նախագծի մասին։
Նշենք, որ 2025 թվականի փետրվարին շրջանառության մեջ է դրվել «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է վերացնել վիճարկման հայցի դեպքում վարչական ակտը կասեցնելու հետևանքների և պարտավորեցման, գործողության կատարման և ճանաչման հայցերի դեպքում հայցի ապահովման միջոց կիրառելու՝ տարբերակված մոտեցումը և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված բոլոր հայցատեսակների դեպքում սահմանել հայցի ապահովման միջոց կիրառելու հնարավորություն:
«Ցանկացած օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ ընդունող մարմինը պետք է չորս հարցի պատասխանի. արդյո՞ք այս օրենսդրական նախաձեռնությունն անհրաժեշտ է, արդյո՞ք այս օրենսդրական նախաձեռնությունն ավելի շատ դրական հետևանքներ է ունենալու հանրության համար, քան բացասական, այն չի՞ հակասում ՀՀ Սահմանադրությանը, պետականը ապարատը և հասարակությունը պատրա՞ստ են փոփոխությանը։ Այս չորս հարցերից գոնե մեկի բացասական պատասխանի պարագայում նախագիծը պիտի ընդհանրապես գոյություն չունենա, էլ չեմ խոսում դրա հետագա ընդունման մասին»,–ասաց Տարոն Սիմոնյանը։
Նրա խոսքով, նախքան օրենսդրական նախաձեռնությունը ԱԺ–ում քննարկելը հարկավոր է ազդեցության գնահատում իրականացնել՝ հասկանալու համար, թե ինչպիսի հետևանքներ է ունենալու նախագծի ընդունումն ու կիրարկումը։
«Բնականաբար, այս նախագծի համար ազդեցության գնահատում չկա, եթե լիներ էլ միայն բացասական հետևանքներ էին լինելու։ Հետևաբար այս մի հարցի պատասխանն էլ է՝ ոչ։ Մի քանի անգամ ընդգծեցինք, որ նախագիծը հակասահմանադրական է։ Օրենսդրության հետ էլ անհամապատասխանություններ կան։ Եվ վերջին հարցը՝ արդյոք հասարակությունը պատրաստ է նման քայլի. Վիճակարգրությունը ցույց է տալիս, որ վարչարարության որակը -75 տոկոս է, այսինքն վարչական մարմինների պրակտիկան 75 տոկոսով բացասական է գնահատվում»,–հավելեց Սիմոնյանը»,–հավելեց իրավաբանը։











