Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը համոզված է, որ ներկայումս ղարաբաղյան հակամարտության կարգավորման հնարավորություն գոյություն ունի:«Դա, թերեւս, հետխորհրդային տարածքում միակ հակամարտությունն է, որը ներկա պահին հնարավոր է կարգավորել:
Ամեն ինչ կախված է կողմերրի բարի կամքից, միմյանց փաստարկները լսելու նրանց ցանկությունից եւ հնարավորությունից, եւ պետք է ուղիղ ասել, որ հեշտ որոշումներ չեն լինում»,- հայտարարել է Մեդվեդեւը «AzTV»-ին տված հարցազրույցում:Մեդվեդեւի խոսքով` Մոսկվան հետագայում եւս կաջակցի հակամարտության խաղաղ լուծմանը: Ռուսաստանի ղեկավարը նշել է, որ այդ հարցը բարձրացրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ ունեցած վերջին հեռախոսազրույցում: Բացի այդ, Մեդվեդեւի միջնորդությամբ վերջին մի քանի տարում եռակողմ ձեւաչափով ութ հանդիպում է տեղի ունեցել, երբ հանդիպել էին Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի առաջնորդները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
«Հաջողվել է ուղիղ կերպով դնել բոլոր հարցերը, որոնց վերաբերյալ կողմերի դիրքորոշումը հիմնախնդրի կարգավորման հարցում տարբերվում է. դնել ազնիվ, բաց կերպով եւ ներկայացնել բոլոր փաստարկները»,-ասել է Ռուսաստանի նախագահը:




























