Վերջին մեկ ամսվա ընթացքում Թուրքիայում բավական ինտենսիվ են դարձել խոսակցությունները այն մասին, որ Էրդողանը կարող է որոշ հնարքների դիմելով մեկ անգամ ևս իր թեկնածությունը դնել նախագահական ընտրություններում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը՝ անդրադառնալով նրան, որ նախօրեին ձերբակալվել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր քաղաքական հակառակորդին, Ստամբուլի քաղաքապետ 54 ամյա Էքրեմ Իմամօղլուն:
«Այդ հնարքն այն է, որ նա կարող է հայտարարել վաղաժամկետ արտահերթ ընտրություններ, այդ դեպքում նա հնարավորություն կունենա իր թեկնածությունը նորից դնելու։ Էրդողանը մտավախություն ունի, որ կարող է իսկապես ի դեմս Իմամօղլուի, ունենալ լուրջ հակառակորդ: Ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցությունից նախորդ թեկնածուները պարտվել են Էրդողանը, իսկ Իմամօղլուն երիտասարդ է, դինամիկ է, մեծ հեղինակություն է վայելում ոչ միայն Ստամբուլում, այլ նաև ընդհանուր Թուրքիայում, և եթե նրա թեկնածությունը առաջարկվեր Ժողովրդա-հանրապետական կուսակցության կողմից, որը երկրորդ կարևոր կուսակցությունն է Թուրքիայում, ապա նրա շանսերը բավական մեծ կլինեին։ Ես կարծում եմ, ամեն ինչ կապված է դրա հետ քաղաքական առումով»,-ասաց Սաֆրաստյանը՝ նկատելով, որ լուրջ մեղադրանքներ են առաջ քաշվել նաև Իմամօղլուի մերձավորների նկատմամբ, ձերբակալվել են թաղապետներ Ստամբուլում:
«Մեղադրանքները բավական լուրջ են, որքան կարելի է դատել մամուլի հրապարակումներից, մեղադրանքները հետևյալն են, առաջինը կապն է Քրդստանի բանվորական կուսակցության հետ, որը Թուրքիայում արգելված է: Չնայած նաև պետք է նշել, որ կարծես թե սկսվում է հերթական գործընթացը PKK-ի հետ ընդհանուր եզրեր գտնելու և PKK-ն կարծես թե համաձայնվել է զենքերը վայր դնել, դադարեցնել պայքարը իշխանությունների դեմ:
Մյուս մեղադրանքն արդեն շատ խոշոր զեղծարարությունների հետ է կապված, ինչի մեջ մեղադրվում է Էմամօղլուն մի խումբ անձանց հետ միասին: Իմամօղլուն մինչև ձերբակալումը տանն էր եւ կարողացել է տնից մտնել եթեր եւ հայտարարել, որ այդ մեղադրանքները անհիմն են, դա քաղաքական հետապնդում է:
Հիմա իմ կարծիքով շատ բան կախված է հետևյալից, արդյո՞ք կկարողանա Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը Թուրքիայում ծավալել լայն զանգվածային շարժում ի պաշտպանություն Իմամօղլուի: Դա կարող է ազդեցություն ունենալ իշխանությունների վրա, որ նրանք իրենց ավելի զուսպ պահեն: Այս մի քանի օրվա ընթացքում Թուրքիայում ես կարծում եմ շատ բան կորոշվի»,- հայտարարեց Սաֆրաստյանը:
Թուրքագետը կարեւորեց նաեւ քրդական գործոնը. «Քրդերը մեծ թիվ են կազմում Թուրքիայում, և եթե նրանք ակտիվ ներգրավվեն ժողովրդահանրապետական կուսակցության կողմից զանգվածային շարժումների մեջ, դա կունենա շատ կարևոր նշանակություն»:











