Թուրքիայի տնտեսությունը ծանր վիճակում է, ֆինանսական համակարգը ծանր վիճակում է և այս երկու օրվա ընթացքում թուրքական լիան գահավիժում է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը:

«Ստամբուլի բորսան է արձագանքել այս իրադարձությանը, ըստ էության, կանգնել է բորսան: Այնպես որ իսկապես ճգնաժամի մեջ մտավ Թուրքիան Էրդողանի ցանկությամբ: Էրդողանն ինքը գիտակցաբար մտցրել է Թուրքիան այդ ճգնաժամի մեջ՝  հույս ունենալով, որ ինքը հաղթող դուրս կգա դրանից»,-ասաց նա:

Հարցին՝ ի՞նչ ելքեր են հնարավոր, թուրքագետը պատասխանեց. «Ելքերից առաջինը այն է, որ իշխանությունները կկարողանան դիմակայել զանգվածային անհնազանդության այն ալիքին, որ կփորձի Թուրքիայում բարձրացնել ժողովրդհանրապետական կուսակցությունը: Այդ դեպքում, Իմամօղլուին կմեկուսացնեն և թույլ չեն տա, որ նա մասնակցի Թուրքիայի քաղաքական կյանքին մոտակա տարիներին: Այդպիսով Էրդողանը կազատվի իր հիմնական հակառակորդից։ Այս ելքը, ես կարծում եմ՝ ավելի հնարավոր է՝ հաշվի առնելով Թուրքիայի առանձնահատկությունները, Էրդողանի բռնատիրական մեծ փորձը:

Բայց կա նաև երկրորդ հավանականությունը, որ այնքան ուժեղ կլինի զանգվածային ընդվզումների ալիքը, որ եթե հաջողվի դա իրականացնել Ժողովրդահանրապետական կուսակցության կողմից, որ իշխանությունները ետ քայլ կանեն և կփորձեն այս իրադրությունից դուրս գալ արդեն առանց Իմամօղլուին մեկուսացնելու երկար ժամկետով, կամ կմեկուսացնեն շատ կարճ ժամկետով:

Ես համարում եմ, որ ավելի հավանական է, որ որ Էրդողանին կհաջողվի հասնել իր նպատակին՝ իհարկե բավական գին վճարելով դրա համար: Մասնավորապես, Թուրքիայի ֆինանսական համակարգը, որ առանց այդ էլ շատ վատ վիճակում է, ավելի վատացնելով ֆինանսական դրությունը Թուրքիայում»: