Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 20-ի նիստում Արթուր Նահապետյանին հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ նշանակելու մասին որոշում կայացրեց:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի նշանակման համար ստեղծվել է մրցութային հանձնաժողով, որը բավականին ներկայացուցչական կազմ ունի, այդ թվում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից:

«Երեք թեկնածուներ ներկայացվել են կառավարության քննարկմանը: Ես բոլոր թեկնածուների հետ երկու փուլով ունեցել եմ հանդիպում, քննարկումներ: Դրանց արդյունքում որոշում եմ կայացրել Արթուր Նահապետյանի թեկնածությունը ներկայացնել կառավարության հաստատմանը:

Պարոն Նահապետյանը թե բարեվարքության միավորով, թե ընդհանուր միավորների հանրագումարով առավելագույն թվերն է հավաքել»,-ասաց վարչապետը՝ շնորհակալություն հայտնելով մյուս թեկնածուներին եւս:

«Նրանցից Պետրոս Մարտիրոսյանն այս դահլիճում է եւ զբաղեցնում է տեսչական մարմինների համակարգման գրասենյակի ղեկավարի պաշտոնը: Նաեւ Գեւորգ Քոչարյանը նշանակվել է արդարադատության նախարարի տեղակալ»:

Իր հերթին Արթուր Նահապետյանը վստահեցրեց, թե գործադրելու է առավելագույն ջանք՝ կոմիտեի գործունեության արդյունավետությունը բարձրացնելու համար։

Հիշեցնենք, որ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնը թափուր մնաց, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հորդորով 2024-ի նոյեմբերի 20-ին Սասուն Խաչատրյանը հրաժարական տվեց: