Մենք Հակակոռուպցիոն կոմիտեի եւ Քննչական կոմիտեի աշխտանքի վերաբերյալ պետք է ունենանք ելքի մասին որոշակի պատկերացում. Մեզ պետք են հստակ ցուցիչներ, այդ թվում արտահայտված կառավարությանը ներկայացված հաշվետվության մեջ: Այս մասին այսօր՝ մարտի 20-ին, կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նկատեց, որ երբ այդ երկու կառույցներից ստացել է զեկուցումներ, հետ է վերադարձրել եւ խնդրել է լրացնել, թե Հակակոռուպցիոն կոմիտեի՝ դատարան ուղարկված գործերի ծավալն ինչքան է. «Նաեւ ինչ ծավալ է, որ ավարտվել է օրինական ուժի մեջ մտած դատավճռով, ինչքան է մեղադրական, ինչքան է մեղադրական: Սա կարեւոր ցուցիչ է:

Եվ ՔԿ-ի, եւ Հակակոռուպցիոն կոմիտեի հաշվետվություններում նշվում է՝ հարուցվել է այսքան քրեական գործ: Քրեական գործ հարուցելու մեջ ծավալի առումով կարող է ոչ մի դրամատիկ բան չլինել: Այսօր կարող է հարուցվել, վաղը կարող է կարճվել, կամ գնալ դատարան եւ ավարտվել արդարացմամբ: Այսինքն մեզ պետք է արձանագրել քրեական գործերի հարուցման հետ ի՞նչ է տեղի ունեցել։

Եթե անկեղծ ասեմ, մի փոքր էլ զայրույթով արձանագրեցի, որ մեզ մոտ կան քրեական գործեր, որ 2018 թվականից աղմուկ աղաղակով, լրատվական ուղեկցությամբ հարուցվել են, մեկ էլ մի օր հիշում ենք, ասում ենք՝ այդ քրեական գործը ի՞նչ եղավ և ստանում ենք մի կարճ տեղեկանք՝ նախաքննությունը շարունակվում է: Սա կներեք, անթույլատրելի է, որովհետև պետք է ի վերջո հանրությունը, կառավարությունը պատասխան ունենա»,-ասաց Փաշինյանը:

Նա հիշեցրեց, որ հակակոռուպցիոն կոմիտեի ձևավորման ընթացքում աշխատավարձերի բարձր մակարդակ սահմանվեց, այն ակնկալիքով, որ կառավարության քաղաքական կամքը հակակոռուպցիոն քաղաքականության պայքարի առումով ավելի ինստիտուցիոնալ կարտահայտվի»: