Տիգրան Ուլուբաբյանի հետ չեմ հանդիպել, չեմ շփվել։ Այս մասին մարտի 20-ին լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանի օմբուդսմեն Անահիտ Մանասյանը։
«Ինձ համար հանրային հնչեղությունը նշանակություն չունի։ Ինձ համար ցանկացած մարդ, անկախ հանրային հնչեղությունից, կարեւոր է եւ ունի հավասար հնարավորություններ, եւ ես ակտիվ հանդիպումներ եմ ունենում քաղաքացիների հետ»,- նշել է նա։
Մանասյանը տեղեկացրել է, որ ոչ միայն այս, այլեւ նախորդ օրը տեղի ունեցած մեկ այլ դեպքով ՄԻՊ գրասենյակը համապատասխան պետական մարմիններից բացատրություններ եւ պատշաճ քննության իրականացում է պահանջել։
Նրա խոսքով՝ այս կերպ կարելի է պարզել ճշմարտությունը եւ մեղավորներին պատասխանատվության ենթարկել։
Օմբուդսմենը հիշեցրել է, որ, համաձայն միջազգային չափանիշների, խոշտանգումների գործերը պետք է վարվեն արագացված կարգով։
Հիշեցնենք, որ արցախցի երիտասարդ Տիգրան Ուլուբաբյանն ավելի վաղ հայտնել էր, որ ոստիկաններն իրեն խոշտանգումների են ենթարկել։ Այս կապակցությամբ երեկ մի խումբ քաղաքացիներ բողոքի ցույց են անցկացրել Հայաստանի քննչական կոմիտեի շենքի մոտ՝ պահանջելով պատժել մեղավորներին։ Ակցիայի ժամանակ փաստաբան Ռոման Երիցյանը տեղեկացրել է, որ այսօր տեղի կունենա Ուլուբաբյանի հարցաքննությունը՝ կոչ անելով քաղաքացիներին հավաքվել Քննչական կոմիտեի շենքի մոտ։





























