Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեծ համարձակություն է դրսեւորել՝ համաձայնելով խաղաղության պայմանագրին։ Այս մասին մարտի 20-ին Իջեւանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է «Rasmussen Global» միջազգային քաղաքական խորհրդատվական կազմակերպության հիմնադիր եւ նախագահ, ՆԱՏՕ նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը՝ ասելով, որ իր թիմն օգնում է Հայաստանին դիվերսիֆիկացնել միջազգային հարաբերությունները։

Նա ազդարարել է Փաշինյանի հետ հանդիպման մասին՝ հավաստիացնելով, որ խաղաղություն է ցանկանում Հարավային Կովկասում։

«Այժմ գնդակը Ադրբեջանի դաշտում է։ Ես ցանկանում եմ, որ Բաքուն որքան հնարավոր է շուտ ստորագրի այս համաձայնագիրը»,- նշել է Ռասմուսենը։ Նա վճռական աջակցություն է հայտնել Փաշինյանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը։

«Եթե իրականացվի, դա կխթանի բազմակողմ համագործակցությանը ողջ Կովկասում։ Ցանկանում եմ, որ ԵՄ-ը աջակցի այս նախաձեռնության շրջանակում նախագծերի իրականացմանը, քանի որ Հայաստանի եւ Ադրբեջանի ու Թուրքիայի միջեւ կապերի հաստատումը կնպաստի տարածաշրջանի բարգավաճմանը։ Ես նաեւ ցանկանում եմ ամրապնդել կապերը Հայաստանի եւ Եվրոպայի միջեւ։ Հայաստանը ժողովրդավարական երկիր է, որը զարգանում է, մինչդեռ շրջապատված է դժվարին հարեւաններով, ուստի ես ցանկանում եմ, որ ԵՄ-ը ուժեղացնի աջակցությունը Հայաստանի ժողովրդավարության աճին»,- ավելացրել է Ռասմուսենը: