«Եթե մինչև հիմա քննչական կոմիտեն անձանց չէր ձերբակալում՝ պատճառաբանելով, թե նրանց ինքնությունը հայտնի չէ, այսօր Տիգրանը հստակ մատնանշում է երկու ոստիկանների»։ Այս մասին ՀՀ Քննչական կոմիտեի մոտ իրականացվող հավաքի ժամանակ ասաց փաստաբան Ռոման Երիցյանը։

Նշենք, որ այս պահին մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացնում ՀՀ Քննչական կոմիտեի մոտ. նրանք պահանջում են պատժել օրեր առաջ Վանաձորում արցախցի երիտասարդի նկատմամբ բռնություն կիրառած ոստիկաններին։

«Տիգրան Ուլուբաբյանն այսօր հարցաքննության ընթացքում մատնանշելու է այդ անձանց՝ որպես քրեական օրենսգրքով արգելված արարք կատարողների, ինչը ձերբակալման հիմք է։ Տիգրանը նաև իր շորերն են բերել, որոնց վրա ակնհայտ առկա են բռնության հետքեր։ Իրավական առումով այսօր կան հիմքեր այդ երկու ոստիկաններին ձերբակալելու։ Բոլորիս համար պարզ է, որ քննչական կոմիտեն խոշտանգումների դեպքերով խտրական վերաբերմունք է դրսևորում, ուստի վստահ եմ, որ ոչ մի բան էլ չի ձեռնարկվելու»,–հավելեց փաստաբանը՝ նշելով, որ քննչական կոմիտեն այս օրերի ընթացքում ոչ մի փաստաթուղթ չի առգրավել և չի էլ փորձել իդենտիֆիկացնել Տիգրան Ուլուբաբյանին բռնության ենթարկած ոստիկաններին։