«Սևանա լճի խնդիրները տարրաբնույթ են՝ դրանք և՛ մարդածին ազդեցության հետևանք են և բնական գործընթացների։ Մենք ունենք ջրի քանակին և որակին վերաբերող խնդիրներ»։ Այս մասին այսօր՝ մարտի 21-ին, «Պաշտպանելով Սևանա լիճը. կայուն լուծումներ և ներդրումային ռազմավարություններ» աշխատաժողովի շրջանակում NEWS.am–ի հետ զրույցում ասաց Ասիական զարգացման բանկի հայաստանյան ներկայացուցչության կլիմայական փոփոխության ծրագրերի ղեկավար Վարդան Կարապետյանը։

«Նախ պետք է պատասխանենք հարցին, թե մենք Սևանա լիճը որպես ինչ ռեսուրս ենք դիտարկում։ Եթե մենք դիտարկում ենք որպես տնտեսական ռեսուրս, ապա առաջին հերթին կարևորվում է ջրի քանակական կոմպոնենտը, որովհետև պիտի ունենաս բավարար քանակությամբ ջուր, որպեսզի հիդրոէներգետիկա ունենաս, ոռոգում իրականացնես, գյուղատնտեսությունը զարգացնես և այլն։ Եթե Սևանա լիճը դիտարկում ենք որպես խմելու ջրի ստրատեգիական պաշար կամ կենսաբազմազանության ու ձկնաբուծության տեսանկյունից,  ապա կարևորվում է նաև որակական ասպեկտը։ Ջրի և՛ քանակական , և՛ որակական ասպեկտները  կլիմայի փոփոխության և ջրի շարունակական ախտոտվածության հետևանքով վտանգված են»,–նշեց Կարապետյանը։

Նրա խոսքով, առաջարկվող լուծումներն էլ կրկին բաժանվում են խմբերի, կախված նրանից՝ վերաբերում են ջրի քանակի, թե որակի պահպանմանը։

«Եթե մենք ջուրն օգտագործում ենք ոռոգման նպատակով և մինչև մշակաբույսին հասնելն ունենք մինչև 75 տոկոս ջրի կորուստ, ապա պետք  է արդիականացվի ոռոգման ցանցը, որպեսզի կորուստները պակասեցվեն։ Բացի այդ, պետք է նաև մտածել, թե ինչպես ենք լրացուցիչ ջուր հասցնելու Սևան։ Որակական իմաստով պիտի թիրախավորենք ջրի չախտոտման և ախտոտվածության մաքրման հարցը, որովհետև մեր փորձագետներն այսօր փաստեցին, որ Սևան թափվող ջրերի 76 տոկոսը մաքրում չի անցնում, բացառապես մեխանիկական մաքրում է անցնում։ Հետևաբար պետք է իրականցվեն միջոցառումներ ջրի մաքրման ուղղությամբ. դա ժամանակակից, առավելապես կենսաբանական մաքրում ենթադրող մաքրման կայանների կառուցումն է, Սևանի ավազանում կեղտաջրերի հավաքումը և այդ մաքրման կայաններին հասցնելը»,–նշեց Վարդան Կարապետյանը։

Հարցին, թե ինչքա՞ն մեծ է մարդկային ազդեցության գործոնը Սևանա լճի հիմնախնդիրների սրման վրա, Ասիական զարգացման բանկի հայաստանյան ներկայացուցչության կլիմայական փոփոխության ծրագրերի ղեկավարը պատասխանեց.

«Մարդկային գործոնի ազդեցությունն ունի անհրաժեշտ չափ, դա պայմանավորված է նրանով, որ մարդիկ այդ տարածաշրջանում ապրում են, գեներացնում են կեղտաջրեր, զբաղվում են անասնապահությամբ և գյուղատնտեսությամբ, պարարտացնում են իրենց հողը որոշակի պարարտանյութերով, որոնք անխուսափելիորեն հայտնվում են ջրում։ Դա չի նշանակում, որ մարդիկ միտումնավոր վնասում են լճին, պարզապես պիտի լինեն մեխանիզմներ, որոնք կկառավարեն հետևանքները։ Բայց միևնույն ժամանակ կա նաև մարդկային անփութության գործոնը, որը պարզապես մեխանիկական աղբի թափումն  է Սևանա լիճ»։

Վարդան Կարապետյանը նշեց, որ վերջին տարիներին քանակական իմաստով Սևանա լճի վրա ճնշումները մեծանում են. կլիմայի փոփոխությամբ պայմանավորված տարածաշրջանում 1.5 աստիճանի տաքացում է գրանցվել, ինչի հետևանքով Սևանա լճի ջուրն ահռելի ծավալներով գոլորշիանում է։ Նա շեշտեց, որ մինչև 21-րդ դարի վերջ կանխատեսվում է ջերմաստիճանի ևս 2-8 աստիճան բարձրացում, ինչն անխուսափելիորեն հանգեցնելու է ջրի մակարդակի շարունակական անկման։

ՀՀ ՏԿԵՆ Ջրային կոմիտեի նախագահի տեղակալ Մարտիրոս Նալբանդյանն էլ NEWS.am–ի հետ զրույցում ներկայացրեց, թե ինչ քայլեր է ձեռնարկում Ջրային կոմիտեն՝ Սևանի հիմնախնդիրների լուծման ուղղությամբ։

«Ջրային կոմիտեն հիմնականում պատասխանատու է Սևանա լճի ջրային համակարգերի կառավարման և այդ համակարգերի միջոցով ոռոգում ապահովելու համար։ Այս տեսանկյունից երկու առումով ենք առնչվում Սևանա լճի հիմնախնդիրներին. առաջինը Արփա–Սևան թունելով տարեկան ջրալրումներն են, և ոռոգման նպատակով տարեկան ջրբացթողումները, և երկրորդը՝ տարածաշրջանի կոյուղացվածության, կեղտաջրերի մաքրման կայանների շահագործման հարցերը։ Ջրային կոմիտեի վերջին տարիների աշխատանքները կոմպլեքս բնույթ են կրում, մասնավորապես՝ տարբեր գործընկեր կառույցների հետ դիտարկում ենք կոյուղացվածության մակարդակի բարձրացումը, ինչը վերաբերում է ոչ միայն աշխարհագրորորեն այդ կոյուղվացվածության մասշտաբների ընդլայնմանը, այլև կեղտաջրերի մաքրման տեխնոլոգիաների բարելավմանը»,–ասաց Նալբանդյանը։

Նա նշեց, որ գործընկերների՝ այդ թվում Ասիական զարգացման բանկի հետ քննարկում են կեղտաջրերի մաքրման գործող կայանների վերազինման հարցը, որպեսզի հնարավոր լինի կենսաբանական մաքրում իրականացնել։

«Զուգահեռաբար դիտարկում ենք նաև այդ տարածաշրջանում կոյուղացվածության համակարգի ընդլայնման հնարավորությունները։ Ինչ վերաբերում է ոռոգմանը, պարբերական և տարեկան վերակառուցման ծրագրեր կան, որոնք հնարավորություն են տալիս առավել շատ ջուր տեղափոխել Սևանա լիճ։ Որպես լրացուցիչ միջոցառում, եթե նկատի ունենանք, որ Սևանա լճից ջրաբացթողումները ոռոգման նպատակով գնում են դեպի Արարարտի և Արմավիրի մարզեր, մենք Արփա–Սևան թունելի բարելավմանը զուգահեռ իմ նշած մարզերում վերակառուցում և բարելավում ենք ոռոգման համակարգերը՝ որպեսզի խուսափենք հնարավոր կորուստներից»,–ասաց նա՝ նշելով, որ Ջրային կոմիտեի կողմից վերջին 2-3 տարիների ընթացքում  իրականցվող աշխատանքների արդյունքները դրական են, սակայն ոչ գոհացուցիչ։