Հայաստանում ռուսական հեռուստաալիքների հեռարձակման համաձայնագրի հետ կապված՝ մենք մեր գաղափարները կիսում ենք ռուս գործընկերների հետ, և այդ երկխոսությունը, ամենայն հավանականությամբ, կշարունակվի Երևանում։ Այս մասին մարտի 21-ին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։
«Մենք մեր ռուս գործընկերներին հրավիրել ենք այցելել Հայաստան, որի ընթացքում կոնկրետ առաջարկներ ենք ներկայացնելու։ Այս քննարկումների արդյունքում մենք կհասկանանք, թե համաձայնագրի որ դրույթներն ինչ ձեւով կարող են խմբագրվել»,- նշեց նա։
Հայրապետյանը պարզաբանել է, որ Երևանը ձգտում է հետագայում բացառել հայկական կողմից խնդրահարույց համարվող բովանդակությունը։
Նախարարը զեկուցել է, որ օրակարգում է նաև Ռուսաստանի տարածքում Հայաստանի հանրային հեռուստատեսության հեռարձակումը։











