Հասարակական աղմուկի խնդիրն ուղղակիորեն ազդում է մարդու իրավունքների վրա։ Այս մասին մարտի 21-ին Ազգային ժողովում «Հասարակական աղմուկը՝ որպես համակեցության կանոնների, գործող իրավական նորմերի պահպանության ապահովման խոչընդոտ. օրենսդրական որոշումներ» թեմայով լսումների ժամանակ ասաց Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։
«Եթե աղմուկի մակարդակը գերազանցվի, ապա անշուշտ ոտնահարվում են մարդու մի շարք հիմնարար իրավունքներ»,- ընդգծեց օմբուդսմենը։
Ըստ նրա՝ սա ինչպես հանգստի իրավունքի, այնպես էլ առողջության պաշտպանության և գաղտնիության իրավունքի խախտում է։
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը բազմաթիվ բողոքներ է ստանում քաղաքացիներից։ Դրանք հիմնականում վերաբերում են հասարակական սննդի հաստատություններից, ժամանցի վայրերից, ռեստորաններից, ինչպես նաև մեքենաներից հնչող բարձր երաժշտությանը։ Բացի այդ, շինարարական աղմուկի հետ կապված բազմաթիվ խնդիրներ կան: Օմբուդսմենի գրասենյակը, օրինակ, առավոտյան ժամը 7:45-ից անգամ բողոքներ է ստացել շինարարական աշխատանքների վերաբերյալ։ Եվ սա հանգստյան օրերին:
«Հայաստանում այս ոլորտի օրենսդրությունը պետք է ամբողջական վերափոխման ենթարկվի։ Ներկայումս հանրապետության խորհրդարանում այս հարցով խորհրդարանական նախաձեռնություն կա»,- հավելեց իրավապաշտպանը։




























