Հնդկաստանում տղամարդը YouTube-ում համապատասխան սովորեցնող դասընթաց դիտելուց հետո փորձել է հեռացնել սեփական կույր աղիքը և հայտնվել վերակենդանացման բաժանմունքում, հայտնում է տեղական Times of India-ն։
Գյուղից 32-ամյա Ռաջաբաբու Կումարը համարձակ քայլի է դիմել՝ կատարելով վիրահատությունը՝ առցանց բժշկական տեսանյութեր դիտելուց հետո։ Մշտական որովայնի ցավերից տառապող տղամարդը փակվել է սենյակում, ցավազրկող է ընդունել և որովայնի ստորին աջ մասում կտրվածք է արել։ Սակայն ընթացակարգը նախատեսվածի համաձայն չի ընթացել։
Երբ ցավն ուժեղացել է, և արյունահոսություն է սկսվել, նա փորձել է կարել վերքը, սակայն կարերն անհարթ են եղել, և արյունահոսությունը չի դադարել։ Վախեցած Ռաջաբաբուն դեպքի մասին հայտնել է իր ընտանիքին, ովքեր նրան անմիջապես տեղափոխել են շրջանային հիվանդանոց։
Բժիշկները, գտնելով նրան ծայրահեղ ծանր վիճակում, կատարել են ճիշտ կարեր և տեղափոխել ավելի մեծ բուժհաստատություն՝ հետագա բուժման համար։
Հիվանդի եղբոր որդու խոսքով՝ իր հորեղբայրը որոշել է գնալ այս քայլին՝ որակյալ բուժօգնության անհասանելիության պատճառով։
«Նա ինքն է բերել տարբեր վիրաբուժական պարագաներ։ Վիրահատությունից հետո դուրս է եկել, ասել, որ ցավեր ունի։ Նա պետք է իրեն ներարկում արած լիներ, հավանաբար ցավազրկող։ Երբ ցավն անտանելի դարձավ, նա մեզ ասաց»,- կիսվել է ընտանիքի անդամներից մեկը։





























