Այսօր՝ մարտի 21-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էրեբունի վարչական շրջանում՝ Խորենացի 112 հասցեում գործող ավտոտեխսպասարկման կետում հրդեհ է բռնկվել, հաղորդում է Shamshyan.com-ը:

Ժամանել են Երևանի թիվ 3-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ, 8-րդ և 2-րդ հրշեջ-փրկարարական ջոկատներից՝ 2-ական մարտական հաշվարկ։

Մինչ հրշեջների ժամանումը՝ ավտոտեխսպասարկման կետում առաջացած կրակի տարածման դեմ պայքարել են քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները մարել են այն։

Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով 2 հոգի հոսպիտալացվել են «Այրվածքաբության ազգային կենտրոն»։

Նրանց հիվանդանոց են տեղափոխել շտապօգնության ավտոմեքենայով և բժիշկները մինչև հիվանդանոց տեղափոխելը անրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել։

Հրշեջները մարել են կրակը, որտեղ հայտնաբերվել է ամբողջությամբ մոխրացած «Lexus» մակնիշի ավտոմեքենա, մոխրացել է նաև ողջ գույքը։

Դեպքի փաստով ոստիկանության Էրեբունու բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք հնարավոր է փոխանցվեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին։

Ոստիկանությունում պարզում են ավտոտեխսպասարկման կետի սեփականատիրոջ, վիրավորների և մոխրակույտի վերածված «Lexus»-ի սեփականատիրոջ ինքնությունը։