Իրանի քաղաքացի Սաքինե Մոհամադի Աշտիանիի դատավճիռը, ում պետք է սպանեին քարկոծելով, կարող է փոխվել կախաղան բարձրացնելով:
Իրանի արեւմտյան Ատրպատական նահանգի դատական իշխանությունների ղեկավար Մալեք Աջար Շարիֆին հայտնել է, որ իրենք վերանայում են Աշտիանիի դատավճիռը, որպեսզի որոշեն, թե կարելի՞ է մարդու մահապատիճն իրականացվի կախաղանի միջոցով, եթե դատարանը որոշել է այն իրականացնել քարկոծման միջոցով, հաղորդում է Reuters-ը:
Ավելի վաղ Իրանի մարդու իրավունքների հարցերով խորհրդի ղեկավար Մոհամեդ Ջավադ Լարիջանին հարցազրույցում ասել է, որ խորհուրդն անում է ամեն ինչ, որ մեղմացվի Աշտիանիի դատավճիռը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Աշտիանին 2006թ. քարկոծման եղանակով մահապատժի էր դատապարտվել ամուսնական անհավատարմության եւ ամուսնու սպանության մեղադրանքով: Նրա փաստաբանները պնդում են, որ ինքնախոստովանական ցուցմունքները կորզվել են ճնշման տակ:
Աշտիանիի գործը միջազգային մեծ արձագանք էր ստացել, եւ բազմաթիվ հայտնի անձինք պահանջել էին չեղյալ հայտարարել մահապատիժը:




























