Ճիշտ չէ, որ ես հիմա խոսեմ այն մասին, թե ինչ կանի Ադրբեջանը կամ ինչ է անում այս հյամատեքստում: Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք հայտարարել ենք խաղաղության օրակարգ եւ դրան մեր նվիրվածությունը եւ մեր  գործողությունները նվիրված են խաղաղության օրակարգով առաջ գնալուն: Մենք գործում ենք հոռետեսության միջավայրում, այն միջավայրում, որտեղ շատերը չեն, որ հավատում են, որ սա իրագործելի օրակարգ է: Բայց եթե հետահայաց նայենք, մենք ձեռք ենք բերել շատ նշանակալի արդյունքներ: Առաջինը սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգն է, որը ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ ստորագրված առաջին իրավական դե յուրե պարտադիր նշանակություն ունեցող փաստաթուղթն է: Երկրորդը, մենք ունենք խաղաղության համաձայնագրի համաձայնեցված տեքստ»,-ասաց նա:

Փաշինյանը նկատեց, որ Կիրանց-Ոսկեպարի հատվածում սահմանազատումից առաջ կար շատ մեծ հոռետեսություն. «Սահմանազատումը տեղի ունեցավ և հիմա մենք ոչ թե փորձում ենք թաքցնել հանրությունից, այլ ընդհակառակը, իմ հանձնարարությամբ անվտանգության խորհրդի գրասենյակը նաև հանրության տարբեր խմբերի՝ գիտնականներ, ուսանողներ, մտավորականներ, փորձագետներ, տուռեր է կազմակերպում դեպի Կիրանց-Ոոսկեպար հատված, որպեսզի մենք ցույց տանք, թե այն, ինչը այսպիսի մեծ հոռետեսություններ առաջացրել, ի՞նչ արդյունքի է բերել»: