Այն, ինչ տեղի ունեցավ 2022 թվականի սեպտեմբերին Հայաստանում, մենք դեռ երաշխավոր անվանվող ինստիտուտին լո՞ւրջ ենք վերաբերում։ Բայց մենք ունեցել ենք երաշխավոր։ Հետո, ի՞նչ է տեղի ունեցել։ Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե եթե Ադրբեջանը համաձայնում է ստորագրել խաղաղության համաձայնագիրը, մեզ երաշխավոր պե՞տք է գործընթացի համար, թե ոչ:

«Հենց ասում ենք «մեր պատմությունից պետք է դասեր քաղել»,  միանգամից գնում ենք չորրորդ դար, երրորդ դար, չգիտեմ … Պետք չէ գնալ չորրորդ դար, երրորդ դար։ Պետք է գնալ 2022 թվական, պետք է գնալ 2021 թվական, պետք է գնալ 2020 թվական: Այսինքն՝ ես ասում եմ, որ Հայաստանի անվտանգության մի երաշխավոր կա, դա ինքը՝ Հայաստանի Հանրապետությունն է, որն ի վիճակի է իր հարևանների միջավայրում ապրել առանց արտաքին օգնության, առանց արտաքին միջամտության։

Խաղաղությունն է երաշխավորը, հասկանու՞մ եք։ Չկա խաղաղությունից ավելի գործուն գործիք երաշխավորելու անվտանգությունը, չկա պարզապես նման գործիք։ Եվ հետևաբար, այդ հասկացությունները փոխվում են, ժամանակը փոխում է:

Հետո տեղի ունեցավ 2022 թվականը։ Հետո տեղի ունեցավ այն, որ մենք փուլ-փուլ սառեցրինք մեր անդամակցությունը ՀԱՊԿ-ին։ ՀԱՊԿ-ը Հայաստանի Հանրապետության անվտանգության երաշխավորն է  եղել դե յուրե:

Ի՞նչ, մենք ուզում ենք նորից նույն պատմության մեջ մտնե՞լ։ Ո՛չ, ես համաձայն չեմ դրա հետ։ Խաղաղություն, ինստիտուցիոնալ երկարաժամկետ խաղաղություն, հարևանների միջավայրում ապրելու հմտություն և կարողություն, և իհարկե, նաև պաշտպանունակ բանակ, որի բարեփոխումները մեծ թափով տեղի են ունենում: Իմիջիայլոց, շատ հետաքրքիր է, սա այն դեպքերից է, որ Հայաստանում ոչ մեկ դա չի նկատում»,- հայտարարեց Փաշինյանը: