85 տարեկանում մահացել է ժողովրդական արտիստուհի Լարիսա Գոլուբկինան։ Այս մասին թելեգրամում տեղեկացրել է հաղորդավար Անդրեյ Մալախովը։ Դերասանուհու մահվան պատճառի մասին նա չի տեղեկացրել։
«Կես ժամ առաջ լուր ստացվեց այն մասին, որ կյանքից հեռացել է իմ ընկերուհին՝ «Հուսարական բալլադի» աստղ, հիասքանչ դերասանուհի Լարիսա Գոլուբկինան»,- գրել է նա։
Լարիսա Գոլուբկինան ավարտել է Մոսկվայի երաժշտամանկավարժական ուսումնարանը եւ ԳԻՏԻՍ-ը։ Կինոյում առաջին անգամ հայտնվել է Էլդար Ռյազանովի «Հուսարական բալլադ» ֆիլմում 1962թ.։ Նա խաղացել է ավելի քան երկու տասնյակ դերեր, այդ թվում «Տվեք բողոքի գիրքը» (1965), «Հեքիաթ Սալթան թագավորի մասին» (1966), «Երեքը նավակում, չհաշված շունը» (1979) կինոժապավեններում եւ «Ազատագրման» մի շարք մասերում (1968, 1969, 1970, 1971)։
1964-ից աշխատել է Ռուսական բանակի թատրոնում։ Որպես հրավիրյալ դերասանուհի աշխատել է նաեւ Մոսկվայի Ա.Ս. Պուշկինի անվան դրամատիկական թատրոնում։ 1991թ. ստացել է ժողովրդական արտիստուհու կոչում։ Եղել է Անդրեյ Միրոնովի անվան դերասանական երգի համառուսական մրցույթի ժյուրիի անդամ։ Հյուրախաղերով շրջել է Ռուսաստանում եւ արտասահմանում դաշնակահարներ Ալեքսանդր Բիսերովի եւ Ալեքսանդր Սարիեւի հետ, գրել է «Կոմերսանտը»։





























