Լեհաստանի պաշտպանության նախկին նախարար Մարիուշ Բլաշչակին սպառնում է 1-10 տարվա ազատազրկում պաշտպանության գաղտնի պլանի բացահայտման համար, հայտարարել է դատախազ Մարցին Մակսյանը, հաղորդել է լեհական PAP լրատվական գործակալությունը։

«Մեղադրական եզրակացությունները հրապարակվել են, եւ, իմ կարծիքով, այդ մեղադրանքներն անհիմն են»,- ուրբաթ լրագրողներին ասել է Բլաշչակը դատախազության շենքից դուրս գալուց հետո: «Ես ունեի արխիվային փաստաթղթերը հրապարակելու ե՛ւ իրավունք, ե՛ւ պարտավորություն»։

Հայտարարությունը հաջորդել է մարտի 6-ին Բլաշչակի պատգամավորական անձեռնմխելիության չեղարկմանը, որը թույլ է տալիս առաջադրել մեղադրանքներ՝ կապված 2023թ. WARTA-00101 պաշտպանության պլանի որոշ մասերի գաղտնազերծման եւ հրապարակայնացման հետ:

Պլանը, որը մշակվել է Ռուսաստանի պոտենցիալ հարձակման դեպքի համար, ենթադրում էր, որ ներխուժման դեպքում Լեհաստանը ստիպված կլինի նահանջել դեպի երկրի ամենաերկար գետը՝ Վիսլան։

Բլաշչակը, որը գաղտնազերծել էր փաստաթղթերը, երբ  պաշտպանության նախարար էր, 2023թ. նախընտրական քարոզարշավի ժամանակ օգտագործել է այդ բացահայտումը՝ մեղադրելու համար այն ժամանակ ընդդիմադիր «Քաղաքացիական պլատֆորմին» Վիսլայի երկայնքով Լեհաստանի պաշտպանությունը պլանավորելու մեջ՝ պնդելով, որ ռազմավարությունը փաստացի կհանգեցնի երկրի կեսի հանձնմանը: Դատախազության կարծիքով, պաշտպանության գաղտնի պլանը հրապարակելով՝ Բլաշչակը խախտել է լեհական օրենսդրությւոնը։

Չնայած փաստաթղթերը պահվում էին Ռազմապատմական բյուրոյում, դրանց վրա նախկինի պես տարածվում է գաղտնի տեղեկատվության պաշտպանության օրենքը։