«Երազիր, հավատա և այն կիրականանա» կարգախոսով են հայ մանուկներն աշխարհին խաղաղության, երջանկության և ապագային հավատալու կոչ անում: 

«Հայը կա» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ և առաջարկով Դվին Մյուզիք հոլլում և Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի համերգային դահլիճում երկու ներկայացմամբ կայացավ «Դեպի մեծ երազանքներ» երաժշտաթատերական ներկայացումը։ Մյուզիքլ, որի երաժշտական ձևավորումը վստահված էր HI AREV անսամբլին՝ ղեկավար՝ Թագուհի Գևորգյանի գլխավորությամբ: Տաղանդաշատ փոքրիկների կատարումները, դերասանական խաղն ու պարերը բացառիկ գրավչություն պարգևեցին ներկայացմանը՝ մանկական շունչ ու երազանքներին հավատալու ցանկություն հաղորդելով նույնիսկ մեծահասակներին: Ներկայացման ընթացքում HI AREV-ի կատարմամբ հնչեցին Ռոբերտ Ամիրխանյանի, Ստեփան Շաքարյանի, Ռուբեն Հախվերդյանի` «Պույ պույ», «Պինգվինաշեն», «Գտնված երազ» մուլտֆիլմերում օգտագործված հայտնի ստեղծագործությունները, ինչպես նաև համաշխարհային ճանաչում վայելող «Կատուներ» մյուզիքլից մեկ հատված՝ հայերեն թարգմանությամբ: 

Խորհրդանշական էր հատկապես մյուզիքլի ավարտը, երբ HI AREV-ը հանդիսատեսին փոխանցեց աշխարհը փրկելու սեփական տեսլականը՝ փոքրիկ երգիչների շուրթերից հնչեց անսամբլի հայտի ու սիրված «Փրկենք աշխարհը մեր սիրով» կատարումը: 

Շուտով՝ հունիսի 1-ին՝ երեխաների պաշտպանության միջազգային օրը «Դեպի մեծ երազանքներ» ներկայացումը կրկին բեմ կբաձրանա։ HI AREV-ի փոքրիկ երկրպագուները ևս  մեկ անգամ հնարավորություն կունենան վայելելու սիրելի դարձած ներկայացումը։ 

Անժելա Մարտիրոսյան