Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտարարել է, որ երեկ ցամաքային գործողություն է սկսել Գազայի հյուսիսում գտնվող Բեյթ Հանունում, գրում է Times of Israel-ը։
ՑԱԽԱԼ-ի հայտարարության համաձայն, այս հարձակումն ուղղված է պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման ենթակառուցվածքների ոչնչացմանը և սահմանի երկայնքով բուֆերային գոտու ընդլայնմանը։
Գործողության ընթացքում Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները հարվածներ են հասցրել այդ տարածքում ՀԱՄԱՍ-ի մի քանի օբյեկտներին:
Իսրայելի պաշտպանության բանակը հավելել է, որ դա թույլ է տալիս պաղեստինցի խաղաղ բնակիչներին «տարհանվել մարտական գոտուց իրենց անվտանգության համար»:
Ավելի վաղ իսրայելական բանակը փխրուն զինադադարից հետո վերսկսել էր ռազմական գործողությունները Գազայի հատվածում։ Պատճառ է նշվում այն, որ ՀԱՄԱՍ-ը չի ազատել մնացած բոլոր պատանդներին։
Հարյուրավոր մարդիկ են զոհվել։
ՑԱԽԱԼ-ը վերականգնել է նաև, այսպես կոչված, Նեցարիմ միջանցքի նկատմամբ վերահսկողությունը, որը բաժանում է Գազայի հատվածը երկու մասի։





























