Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններն այլևս հնարավոր չեն, քանի դեռ որոշ բաներ չեն փոխվել, գրում է Mehr-ը։
Թեհրանն այս ամիս նամակ էր ստացել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից, որը Իրանին երկու ամիս ժամանակ էր տալիս, որպեսզի վերջինս որոշի՝ պատրա՞ստ է նոր բանակցություններ սկսելու, թե՞ ավելի կոշտ պատժամիջոցների կենթարկվի Թրամփի վերսկսած «առավելագույն ճնշման» արշավի շրջանակներում, հայտնում է Reuters-ը:
Իսլամական հեղափոխության առաջնորդ այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեին մերժել էր բանակցությունների առաջարկը՝ դրանք կեղծ անվանելով, իսկ Իրանի արտաքին գործերի նախարարը հինգշաբթի հայտարարել էր, որ Թեհրանը շուտով կպատասխանի նամակում եղած և սպառնալիքներին, և հնարավորություններին։
Արաղչին կիրակի նշել է, որ Իրանը դեմ է բանակցություններին ոչ թե «համառության», այլ ավելի շուտ պատմության և ունեցած փորձի պատճառով՝ հավելելով, որ Վաշինգտոնը պետք է շտկի իր քաղաքականությունը նախքան բանակցություններին Թեհրանի մասնակցությունը։
Իր առաջին ժամկետի ընթացքում Թրամփը դուրս բերեց ԱՄՆ-ն Իրանի և խոշոր տերությունների միջև 2015 թվականին կնքված համաձայնագրից, որը կոշտ սահմանափակումներ էր մտցնում Թեհրանի միջուկային գործունեության վրա՝ պատժամիջոցները մեղմելու դիմաց:
«Իմ կարծիքով, 2015 թվականի պայմանագիրն իր ներկայիս տեսքով չի կարող վերականգնվել։ Դա մեր շահերից չի բխում, քանի որ մեր միջուկային իրավիճակը զգալիորեն բարելավվել է, և մենք այլևս չենք կարող վերադառնալ նախկին պայմաններին»,- ասել է Արաղչին։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ նամակ է ուղարկել Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին։
Ավելի ուշ նամակի բովանդակությունը նկարագրելով՝ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթկոֆը նշեց, որ ԱՄՆ նախագահը փորձում է Իրանի հետ իր տարաձայնությունները լուծել դիվանագիտական, այլ ոչ թե ռազմական ճանապարհով։





























